Հովիկ Աբրահամյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շնորհավորում եմ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:
Մամուլը առանձնահատուկ տեղ ունի յուրաքանչյուր պետության կյանքում որպես արտահայտվելու եւ մտածելու ազատության հնարավորություն, որպես ժողովրդավարության մակարդակի ու մարդու իրավունքների կարեոր ցուցիչ:
Այսօր, երբ տեղեկատվությունն ավելի ու ավելի մեծ դեր է ստանձում, երբ ժամանակակից տեխնոլոգիաները մամուլի զարգացման համար նոր ուղիներ ու հնարավորություններ են բացում, դրանից չի նսեմանում ու փոխվում այն նշանակությունը, որ ունեն ազատ խոսքն ու խոսքի ազատությունը: Հատկապես ձեւավորման, կայացման փուլում գտնվող քաղաքացիական հասարակության համար լրատվամիջոցների սկզբունքայնությունից, լրատվության հավաստիությունից եւ հասարակության մեջ ունեցած վարկանիշից շատ բան է կախված: Եւ չափազանց կարեւոր է ոչ միայն ազատ գործելու եւ արտահայտվելու հնարավորություն ունենալը, այլեւ դրանք չչարաշահելը: Որովհետեւ հասարակությունն ինքն է առանձնահատուկ պատասխանատվություն սահմանում մամուլի համար՝ այն համարելով եւ ընկալելով որպես համաձայնության ու հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորման եւ համախմբման ազդեցիկ միջոց:
Լրատվամիջոցները ձեւավորում են տեղեկատվական մի միջավայր, որտեղ առկա տրամադրություններն անմիջականորեն են ազդում ողջ հասարակության ու երկրի մթնոլորտի վրա: Եւս մեկ անգամ շնորհավորելով մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ այդ միջավայրում մշտապես իշխեն համերաշխությունն ու հանդուրժողականությունը, անաչառությունն ու պարկեշտությունը՝ ի շահ մեր հասարակության ու երկրի: Իսկ լրատվական դաշտի ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին ցանկանում եմ առողջություն, բարեկեցություն, նորանոր ձեռքբերումներ եւ բեղմնավոր աշխատանք:
ՀՀ ԱԺ լրատվական ծառայություն




Լրահոս