«Արմենիա» մրցանակաբաշխությանը «Տարվա լավագույն երգիչ» անվանակարգում լավագույնը ճանաչվեց ՄՀԵՐԸ, որը խոստովանեց, որ իր համար սա կարեւոր մրցանակ էր, քանի որ արդեն 4 տարի է` ինքը անդադար աշխատում է հայ հանդիսատեսի համար:
-Առաջին անգամ էր` գնահատվեցի որպես տարվա լավագույն երգիչ, ինչի առթիվ գոհ եմ, շատ հաճելի է: Ես, բնականաբար, շարունակում եմ աշխատել ու կապ չունի` ապագայում կստանամ մրցանակ, թե ոչ, աշխատանքս չի դադարելու: Ինձ համար ամենից կարեւորը ժողովրդի գնահատականն է, ամեն ինչ նրանց համար եմ անում:
-4 տարի է՝ Հայաստանում եք աշխատում, մտածե՞լ եք, իսկ ինչո՞ւ նախկինում մրցանակ չէին տալիս:
-Երբեք չեմ մտածել՝ ինչու ուրիշին տվեցին, ինձ չտվեցին: Ես միշտ ասել եմ, որ հնարավոր է՝ այդ մրցանակ ստացողները չկարողանան նաեւ դահլիճ լցնել կամ այդ մրցանակը ծանոթի միջոցով ստանան: Դա ոչ օբյեկտիվ վիճակ է, կյանքում չէի ցանկանա նման կերպ ինչ-որ բանի արժանանալ: Այս մրցանակաբաշխությունը միանշանակ օբյեկտիվ էր:
-Նախoրոք գիտեի՞ք, որ մրցանակ եք ստանալու:
-Երբ այստեղից մեկնում էի, ինձ ասել էին, որ մրցանակ եմ ստանալու, բայց կոնկրետ չէին շեշտել: Երբ գնացինք Մոսկվա, գրիմանոցում տեսա սցենարը, մեկ էլ նկատեցի, որ ինձ տալու են «Տարվա լավագույն երգիչ» կոչումը:
-Երբ նոր էիք եկել Մոսկվայից, մեր հայկական շոու բիզնեսը կարծես թե շատ գրկաբաց չընդունեց Ձեզ: Հիմա, իհարկե, պատկերն այլ է, ինչպե՞ս փոխվեց իրավիճակը:
-Եթե դու աշխատում ես, ու մարդիկ տեսնում են գործդ, օբյեկտիվ գնահատական են տալիս: Երբեք չեմ ուզել, որ ինձ գնահատեն իմ սիրուն աչքերի համար, դա ինձ համար հեչ հաճելի չէ, վերջիվերջո ծերանալու եմ, աչքերս էլ թոռոմեն (ծիծաղում է-Ե.Ռ.): Երբ նոր էի եկել, շոու բիզնեսը մի տեսակ էր ինձ նայում: Դե մտածում էին՝ եկել ա Մոսկվայից, ի՞նչ ա անելու: Բայց անցավ այդ էտապը, որովհետեւ հանդիսատեսի սերն ավելի ուժեղ է, նա է որոշում՝ ում ընդունի, ում ոչ: Ծրագրերի ղեկավարներն էլ տեսնում են ռեյտինգը, չէ՞: Աշխատանքով ապացուցեցի: Հետո էլ այնպես չէր, որ ես եկա Հայաստան, մի քիչ մնացի ու գնացի, անկեղծ, միշտ ասում եմ, որ սիրում եմ իմ երկիրը: Չեք հավատա, բայց երբ մեկնել էինք Մոսկվա` մրցանակաբաշխության, հյուրանոցում բացել եմ «Ֆեյսբուք»-ը ու Երեւանի նկարն էի նայում: Ասացի` կարոտում եմ իմ Երեւանը, չեմ ուզում Մոսկվայում մնալ: Ինձ էլ հարցրին՝ բա ո՞նց ես 20 տարի այստեղ ապրել: Ես ահավոր շատ սիրում եմ իմ երկիրը, մթնոլորտը, օդը: Ուզում եմ ասել, որ Հայաստան գալս ձեւական չէր, իբրեւ թե եկա, երգեցի ու գնացի, որովհետեւ էնտեղ փողը շատ է: Ու էնտեղ իսկապես փողը շատ է: Բայց ես նախընտրեցի իմ երկիրը, թող լինի քիչ, բայց իմը:
-Ձեզ զգո՞ւմ եք ՀՀ լիարժեք քաղաքացի:
-Լիովին, ոչ միան զգում եմ, նաեւ պաշտոնապես արդեն ՀՀ քաղաքացի եմ: Հենց եկա Հայաստան, ուզում էի քաղաքացիություն ձեռք բերել: Հետեւում եմ ավելի շատ մշակութային իրադարձություններին, քաղաքական անցուդարձից տեղյակ եմ, բայց չեմ խառնվում, ոչ մի անգամ ոչ մի գնահատական չեմ տալիս:
-Ամենօրյա աշխատանք ունե՞ք:
-Մեկ տարուց ավելի է` երգում եմ «Ջոս» ակումբում: Ունեմ հանդիսատես, որ գալիս է ակումբ` հատուկ իմ երգերը լսելու: Իմ հանդիսատեսն ինձ գնահատում է, ջերմ է վերաբերվում: Մեր ակումբում կա պատվեր հասկացողություն, հավատացե՛ք՝ ամենապատվիրված երգը «Հայաստան»-ն է, հենց երեկ մինիմում 3 անգամ երգել եմ: Կար հաճախորդ, որը 10 անգամ պատվիրեց «Հայաստան»-ը, ասում եմ՝ ո՞նց կարող ես մի երգը 10 անգամ լսել: Հետո ընկերացանք այդ հաճախորդի հետ:
-Հաճույքո՞վ եք գնում աշխատանքի:
-Հոգնածություն լինում է, դե գիշերային աշխատանք է, ոնց էլ լինի` կհոգնես: Բայց ի՞նչ անես, դա է քո գործը, ու այնպես չէ, որ տհաճությամբ եմ անում:
-Գիտեմ նաեւ, հաճախ եք մասնակցում հարսանյաց հանդեսների, կնունքների:
-Ես միշտ գնում եմ մեծ սիրով, դա իմ աշխատանքն է: Լինում են դեպքեր, երբ ես մասնակցում եմ որպես ընկեր, հո չե՞ս կարող ընկերոջդ համար գումարով երգել ու ո՞նց չգնաս չերգես ընկերոջդ հարսանիքին: Նման քեֆերից չեմ խուսափում, գոհ եմ, որ ունեմ հրավերներ:
-Անձնականում ի՞նչ նորություններ կան, չե՞ք պատրաստվում ընտանիք կազմել:
-Արդեն 31 տարեկան եմ, մտածում եմ այդ ուղղությամբ: Մի քիչ կոպիտ կհնչի, բայց մի քանի թեկնածու կա, որոնց համակրում եմ, սակայն քանի որ լուրջ եմ մտածում, չեմ կարողանում կողմնորոշվել: Բնականաբար, ուզում եմ ընտանիք կազմել, երեխաներ ունենալ. դա է մարդու համար ամենակարեւոր բանը: Գալիս ես տուն, իսկ տանը մենակ ես:
-Դեռ Ձեր տատիկի հե՞տ եք ապրում:
-Ո՛չ, արդեն առանձին եմ ապրում:
-Բնակարա՞ն եք գնել:
-Դեռ այդքան չեմ հարստացել, ո՛չ, վարձով եմ ապրում:
«ՄԻ ՔԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԱ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ