Այսօր հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի մահվան օրն է: Նա 1886թ. հունվարի 1-ին, մահացել 1955 թվականի դեկտեմբերի 21-ին:
Գարեգին Նժդեհը ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին Ռուսական կայսրությունում՝ Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ (այժմ՝ Կյուզնուտ) գյուղում։
Սկզբնական կրթությունը ստանալով տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում՝ ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև մեկնել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ թողնում ուսումը և ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ընդդեմ ցարիզմի ու սուլթանականության։ 1906 թ.-ին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թվականին վերադառնում է Հարավային Կովկաս։
Նժդեհն իր մասնակցությունն է բերում 1942 թ-ի դեկտեմբերին Բեռլինում ստեղծված ու մինչև 1943 թ-ի վերջը գործած Հայ Ազգային խորհրդի աշխատանքներին (խորհրդի նախագահն էր Արտաշես Աբեղյանը), որի օրգան, «Ազատ Հայաստան»-ի փոխխմբագիրն էր (խմբագիր՝ Աբրահամ Գյուլխանդանյան)։ 1944 թ-ի սեպտեմբերին խորհրդային զորքերը մտան Բուլղարիա։
Կասկածելով Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու համար, 1944 թ-ի հոկտեմբերի վերջերին, խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է։ Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկում Լյուբյանկայում։ 1946 թ-ի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երևան, ուր դատաքննությունը ավարտվում է 1948 թ-ին. Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության, ժամկետը հաշվելով 1944 թ-ից (ի դեպ, դատավճիռը կայացվել է ապրիլի 24-ին)։
Նժդեհի ձերբակալությունից հետո, ընտանիքը (կինը և զավակը) Սոֆիայից աքսորվում է Բուլղարիայի Պավլիկենի քաղաքը։
1947 թ-ին Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր. սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ «Հայկական իռեդենտա», որի նպատակը պետք է լիներ Արևմտյան Հայաստանի ազատագրումը և նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին։ Առաջարկության մեջ Նժդեհը հանգամանալից անդրադառնում էր այդ կազմակերպության ստեղծման՝ պատմականորեն թելադրված անհրաժեշտությանը, նրա ապագա գործունեության ձևերին, կառուցվածքին և այլն։ Թեև Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին և մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվեց։
1948-1952 թթ-ին Նժդեհը գտնվում է Վլադիմիրի բանտում, այնուհետև, մինչև 1953 թվականի ամառը՝ Երևանի բանտում։ Նժդեհի երկրորդ անգամ Երևան բերվելը, ինչպես վկայում է նրա բանտակից Հովհաննես Դևեջյանը, պայմանավորված էր նրանով, որ Նժդեհը դիմում էր գրել խորհրդային ղեկավարությանը՝ առաջարկելով իր միջնորդությունը Դաշնակցության և խորհրդային իշխանության միջև հասկացողություն և գործակցություն ստեղծելու համար։ Այս խնդրի շուրջ երկար խոսակցություններ են տեղի ունենում Հայաստանի անվտանգության նախարարի հետ, որոնց արդյունքում, 1953 թվականին, Նժդեհն ու Դևեջյանը Երևանի բանտից, համատեղ, նամակ են գրում Ս. Վրացյանին (որն այդ ժամանակ Դաշնակցության հետախուզական դպրոցի տնօրենն էր), հորդորելով նրան մերձենալ ռուսներին՝ հակաթուրքական հողի վրա։ Սակայն, Մոսկվայում նպատակահարմար չգտան նամակը ուղարկել և այն մնաց որպես միայն փաստաթուղթ։
Այնուհետև, Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր և մահանում է 1955 թվականիի դեկտեմբերի 21-ին։
Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին, եղբայրը՝ Լևոն Տեր-Հարությունյանը, Երևանից շտապ մեկնում է Վլադիմիր։ Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ։ Թույլ չի տրվում նաև մարմինը տեղափոխել Հայաստան։ Լևոնը կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա, ռուսերեն, պատվիրում գրել՝ Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955)։
Իր մահից տասնամյակներ անց՝ 1992 թ-ի մարտի 30-ին, Նժդեհը անկախ Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից արդարացվեց։