“Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը” հանդես է եկել հայտարարությամբ, որով դիմում է ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին պահանջելով ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների նկատմամբ քրեական գործ հարուցել, ովքեր, ըստ հայտարարության հեղինակի՝ Հրազդան քաղաքի բնակիչ Հայկ Մովսիսյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում են իրականացրել և, ի վերջո, հասցրել ինքնասպանության։
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը։
Հրազդան քաղաքի բնակիչ Հայկ Մովսիսյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու, ապօրինի մեղադրական դատական վճիռ կայացնելու, նրա նկատմամբ հանցագործությունները կոծկելու գործողությունները, որոնք ուղեկցվել են անձին ապօրինի կալանքի տակ պահելով և ինքնասպանության հասցնելով, կատարվել են բարձրաստիճան պաշտոնյաների` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ զինդատախազ Գ. Կոստանյանի, ՀՔԾ նախկին պետ Ա. Միրզոյանի, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Ս. Աղաբեկյանի, ՊՆ քննչական ծառայության քննիչների, բժշկական փորձաքննություն իրականացնողների կողմից կազմակերպված և ուղղորդված գործողություններով, որը հանդիսանում է մարդու դեմ ուղղված հրեշավոր հանցագործություն:
Պաշտոնատար անձանցից մի քանիսի հեռացումը աշխատանքից հանդիսանում է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի, իրավունքի գերակայության սկզբունքի ակնհայտ խախտում:
Ելնելով վերը շարադրվածից, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանից պահանջում ենք սույն հայտարարությունը ընդունել որպես հաղորդում և նշված պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների բացահայտման և իրավական գնահատական տալու նպատակով իրականացնել համակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, իսկ արդյունքների մասին պարբերաբար իրազեկել հանրությանը:
Օրենքով սահմանված նորմերի և լիազորությունների չիրականացումը կդիտարկվի որպես պետական ամենաբարձր մակարդակով ՀՀ քաղաքացու նկատմամբ կազմակերպված հանցագործության կոծկում, արդարադատության նկատմամբ հանցագործություններ կատարած անձանց հովանավորում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
08.05.2013 թ.