Ինչպես են քաղաքական ուժերի ներկայացուցիչները պատրաստվում դիմավորել Ամանորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականը մոտենում է ավարտին, եւ անկախ տարվա ընթացքում կուտակված խնդիրներից, դրանց լուծման ուղղությամբ գործադրված ջանքերի արդյունավետությունից` առաջիկա օրերին կհանգստանան նաեւ քաղաքական ուժերը` առժամանակ ընդմիջելով իրենց քաղաքական գործունեութունը:

«Ժողովուրդը» փորձել է պարզել, թե իշխանական եւ ոչ իշխանական դաշտի ներկայացուցիչներն ինչպես են պատրաստվում դիմավորել Ամանորը:

«Օրինաց երկիր» կուսակցությունը, որը, թեեւ, դեմ էր հանդես գալիս սահմանադրական փոփոխություններին, սակայն դա անում էր խիստ չափավոր` առանց ուժերն առանձնապես վատնելու ոչ-ի քարոզչության համար, պարզվում է` հանգստի կարիք ունի եւ պատրաստվում է 10 օր արձակուրդ գնալ: ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Արձակուրդ գնալու ենք Ամանորի նախաշեմին, այսինքն՝ մինչեւ դեկտեմբերի 28, 29 աշխատելու ենք եւ կվերադառնանք, երբ որ սկսվեն աշխատանքային օրերը: Այսինքն՝ 10 օր արձակուրդում կլինենք»:

Միսակյանը նաեւ փոխանցեց, որ տոն օրերին քաղաքական որեւէ գործունեությամբ չեն զբաղվելու: «Ամանոր է, տոն է, ամեն մեկն իր ընտանիքում, իր ընտանիքի հետ: Այդ ընթացքում քաղաքական իրադարձություն կամ քաղաքական որեւէ գործընթաց երկրում տեղի չի ունենալու, պայմանավորված այն հանգամանքով, որ Ամանորը մեզանում ընկալվում է որպես կարեւոր իրադարձություն, եւ կփորձենք տոնը՝ որպես այդպիսին, լիարժեք օգտագործել»,-ասաց Միսակյանը:

Իսկ, ահա, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը Գագիկ Ծառուկյանից հետո շարունակում է կայանալու փորձեր անել, արձակուրդ գնալու անհրաժեշտություն չի տեսնում: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Չեմ կարծում, որ կուսակցությունը պետք է գնա արձակուրդ: Կուսակցությունն աշխատելու է բնականոն հունով, միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը մեզ թույլ կտանք նման շռայլություն` չգնալ կուսակցության գրասենյակ, որից հետո մենք կշարունակենք մեր բնականոն աշխատանքը: Այժմ տեղային բազմաթիվ կառույցների հետ հանդիպումներ ենք ունենում, ամփոփում ենք տարին, արվածը-չարվածը, ծրագրում ենք առաջիկա անելիքները»:

Հետաքրքրվեցինք` արդյոք կուսակցության 33 պատգամավորներն էլ պատրաստ են արձակուրդից հրաժարվել: «Հիմա անկեղծ չի լինի, որ ասեմ՝ բոլոր 33 պատգամավորները ամսի 3-ից աշխատելու են: Այն մարդիկ, ովքեր մշտապես ակտիվ են, կշարունակեն ակտիվ աշխատել»,-մեր ճշտող հարցին պատասխանեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

Արձակուրդ գնալու միտք չունի նաեւ ՀԱԿ խմբակցությունը, որը շարունակում է հանրաքվեի կեղծման դեմ պայքարը: «Մենք արձակուրդ չգիտենք՝ ինչ է, արձակուրդ մեզ համար չկա, ժամանակ էլ չունենք գնալու արձակուրդ: Ազատ մարդկանց խումբ է, ազատ մարդկանց ռեժիմով էլ աշխատելու ենք: Նոր տարվա գիշերը միասին ենք անցկացնելու, ընդհանրապես տոները միասին ենք անցկացնում: Մենք այս պահին եւ հունվար ամսին հանրաքվեի արդյունքներով ենք զբաղված, խախտումներն ենք հավաքում: Աշխատանքը ծավալուն է, արձակուրդի ժամանակ չունենք»,-ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Եթե ոչ իշխանական դաշտի եւ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարած ուժերը չեն պատրաստվում հանգստանալ, ապա իրենց քաղաքական թիվ մեկ ծրագիրը կյանքի կոչած իշխող Հանրապետական կուսակցությունում եւ սահմանադրական փոփոխությունների ջատագով «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ում պատրաստվում են լիարժեք վայելել տոները` օգտվելով վաստակած հանգստի իրավունքից:

«Արձակուրդ գնալու ենք օրենքով սահմանված կարգով, այսինքն՝ դեկտեմբերի 31-ից, իսկ աշխատանքի էլ կվերադառնանք հունվարի 7-ին, 8-ին: Այժմ պատրաստվում ենք դիմավորել Ձմեռ պապին եւ տարին կամփոփենք մեր հաշվետվություններով եւ կատարված աշխատանքներով, շրջանային եւ տարածքային կազմակերպությունների գործառույթները համակարգելով: Իսկ տոն օրերը կլինենք ե՛ւ սահմանում` մեր զորքերի հետ, ե՛ւ մեր տներում` ընտանիքների հետ, մեր կուսակիցների հետ: Բացի այդ՝ տարբեր միջոցառումներ կկազմակերպենք մարզերում եւ Երեւանի վարչական շրջաններում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը:

ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանն էլ նկատեց, որ իրենք արձակուրդը կընդհատեն միայն, եթե «երկիրը կանգնի, ինչ-որ արտակարգ վիճակ լինի, ինչպես բոլոր մարդկանց համար, այնպես էլ մեր քաղաքական ուժի համար, կդադարեն արձակուրդները եւ հանգստյան օրերը»:

Հուսանք, որ նման բան չի լինի, եւ մեր բոլոր քաղաքական ուժերը, անկախ տարաձայնություններից, ՀՀ քաղաքացիների հետ լիարժեք կտոնեն Ամանորը:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս