Գործարար Կարեն Շահմուրադյանը, որը վաղամեռիկ Ռաֆայել Շահմուրադյանի որդին է, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, թե ինքն իր թիկնազորի հետ ծեծի է ենթարկել Հայաստանի դիզայներների միության փոխնախագահ Ռուբեն Թոփալյանին: Ավելին, գործարարը հայտարարեց, որ ինքն է ծեծի ենթարկվել եւ լուրջ վնասվածք ունի:
Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ մայիսի 3-ին Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» սրճարանի հարեւանությամբ գտնվող շինրապարակում, գործարար Կարեն Շահմուրադյանը ծեծի է ենթարկել Թոփալյանին: Պատճառն այն է եղել, որ գործարարը չի վճարել դիզայներին կատարած աշխատանքի համար եւ կանչելով նրան շինհրապարակ՝ իր թիկնապահի հետ ծեծի է ենթարկել Ռ. Թոփալյանին:
-Պարո՛ն Շահմուրադյան, Թոփալյանը պնդում է, որ ծեծի եք ենթարկել իրեն: Ինչպե՞ս կբացատրեք Ձեր վարքը:
-Ես ընդամենը 33 տարեկան եմ, այլ ոչ մի 50 տարեկան ինչ-որ օլիգարխ, որը թիկնապահներով է շրջապատված ու ինչ-որ հարցեր է լուծում: Ես ո՛չ հայր ունեմ, ո՛չ տատիկ, որ իմ մեջքին կանգնած լինի: Ես գործարար եմ, որն աշխատում է օրենքի շրջանակներում եւ ոչ մի խախտում չի անում՝ հատկապես պահպանելով մարդկային ճիշտ փոխհարաբերությունները: Ես վախենալու բան չունեմ եւ կարող եմ անգամ հրապարակավ հայտարարել, որ այն, ինչ գրվել է լրատվամիջոցներում, բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Ես երբեք չեմ զբաղվել շինարարական բիզնեսով, չունեմ շենքեր ու քաղաքում էլ ճանաչված չեմ ինչ-որ հիմար մականունով՝ Շախի Կարեն կամ չգիտեմ ինչ, որը Ձեր կոլեգաներից մեկն է իր նյութում կնքել: Ես ունեմ անուն-ազգանուն:
-Բայց Թոփալյանը վստահեցնում է, որ Դուք Ձեր թիկնապահի հետ իրեն ծեծի եք ենթարկել. կապտուկներն ու վնասվածքներն առկա են: Պատճառն էլ այն է, որ դիզայների գումարը չեք ցանկացել տալ:
-Դա աբսուրդ է, ո՞նց եք պատկերացնում, որ ճանաչված գործարարը, որը վաստակում է այդ անունը, արդյո՞ք կարող է վարձել դիզայներների, չվճարել նրանց՝ հարցը լուծելով ծեծի միջոցով: Այն, ինչ ներկայացնում են, Դուք տրամաբանակա՞ն եք համարում, հա՞: Այդպիսի բան չի կարող լինել, եւ հետո, հո մենք նախնադարո՞ւմ չենք ապրում: Ծեծով հարց չես լուծի: Ես ոչ մեկին ոչ մի անգամ թիկնապահներով ծեծի չեմ ենթարկել ու մանկլավիկներ էլ չունեմ: Ունեմ ընդամենը մեկ վարորդ:
-Բա լուսանկարնե՞րը. ի՞նքն է իրեն ծեծել:
-Իրականում այս գործը քննվում է իրավապահների կողմից, եւ, բնականաբար, ինչ էլ Ձեզ ասեմ, մեկ է՝ մեր երկրում ընդունված է, եթե մեկը գործարար է, մեկը` ոչ, ապա գործարարը պետք է վատը լինի: Հավատացե՛ք՝ ես եմ տուժողը: Մնացածը քննությունը կպարզի:
-Բայց գործարարներից շատերը հենց ծեծով են հարց լուծում: Միգուցե Դուք խնդիրը ներկայացնեք եւ այդպես կարողանաք ապացուցել, որ ծեծող գործարարներից չեք:
-Ես այդ մարդուն ամբողջովին վճարել եմ իր գումարը, նա սրիկա է: Նույնիսկ դատի եմ տվել նրան:
-Ինչի՞ համար:
-Ինքը ստացել է գումարներ եւ իր աշխատանքը չի կատարել ու չի կատարում: Ներկա պահին դատական պրոցես է գնում:
-Լավ, ի վերջո, ի՞նչ է եղել այդ օրը:
-Այդ մարդը լուրջ դատական պրոցեսների մեջ է եւ ըստ պայմանագրի իրեն վճարված գումարների դիմաց իր աշխատանքը չի կատարել: Հասկանալով գլխի գալիքը՝ ինձ պրովոկացիայի ենթարկեց: Մի քանի անգամ հարվածեց, որպեսզի կարողանա իմ կողմից մի հարված ստանալ ու փախչել ոստիկանություն: Սա էր ողջ պատմությունը: Ես ավել ոչինչ չեմ ասի. թող քննությունը պարզի:
-Իսկ ինչո՞ւ չի կատարում պայմանագրով նախատեսված պարտավորությունները:
-Չգիտեմ, նա տիրացել է այդ գումարներին եւ չի պատճառաբանում, թե ինչու չի աշխատում: Միշտ հավատում էի, սակայն այս երկու ամիսների ընթացքում համբերության բաժակս լցվեց, եւ դիմեցի դատարան:
-Ռ. Թոփալյանն ասել է, որ դիզայներների միությունը դիմելու է Սերժ Սարգսյանին, որպեսզի արդարացի լուծում տա կատարվածին: Այս մասին ի՞նչ կասեք:
-Դե թող դիմի, չէ՞ որ իմ առողջական վիճակն էլ պետք է ուսումնասիրեն: Թոփալյանն այնքան չի հասկացել, որ իմ վնասվածքն ավելի լուրջ է եւ մնայուն հետք է թողնելու. ո՞նց է դրա տակից դուրս գալու:
Հ.Գ. Հիշեցնենք, որ 2005թ. հայտնի գործարար Ռաֆայել Շահմուրադյանը սպանվեց Տոլյատիի օդանավակայանում: Նա իր հետ տարել էր 250.000 ԱՄՆ դոլար, որպեսզի ավտոգործարանից մեքենաներ գներ, սակայն չէր հասցրել: Մարդասպանները տարել էին նաեւ նրա փողերը, ու մինչ օրս էլ այդ սպանության դրդապատճառներն իրավաբանորեն անհայտ են: Շահմուրադյանի բիզնես գործունեությունը հաջողությամբ շարունակում են ծավալել նրա երկու որդիները, որոնց պատկանում են «ԱվտոՎԱԶ»-ի դիլլեր, «Արմենիա-Լադա», «Կարկոմավտո» ընկերությունները:
ԳՈՐԾԱՐԱՐԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՉԻ ԾԵԾԵԼ, ԾԵԾՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ