ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԵՐ ԱՆՈՒՆԸ ՉԿԱ
«Եվրատեսիլ»-ին ընդառաջ՝ շատ բուքմեյքերական ընկերություններ խաղադրույքներ են ընդունում հավանական հաղթողի օգտին: Այս պահի դրությամբ Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դե Ֆորեսթն իր «Only Teardrops» երգով պահպանում է «Եվրատեսիլ 2013»-ի լավագույն կատարողների բուքմեյքերական տասնյակի առաջատարի դիրքը: Ըստ «Bookmakersrating»-ի՝ վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է Ուկրաինայի ներկայացուցիչը՝ երգչուհի Զլատա Օգնեւիչը, որը նաեւ ճանաչվել է այս տարվա մրցույթի ամենագեղեցիկ մասնակիցը: Առաջատարների եռյակը եզրափակում է նորվեգացի կատարող Մարգարեթ Բերգերը՝ «I Feed You My Love» երգով: Վարկանիշային աղյուսակում տեղ  են գտել նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչը՝  Դինա Գարիպովան, իտալացի երգիչ Մարկո Մենգոնին, ինչպես նաեւ Գերմանիայի, Շվեդիայի ու Հոլանդիայի ներկայացուցիչները: Ինչպես նկատեցիք, Հայաստանի ներկայացուցչի անունը չկա վարկանիշային այս ցուցակում: Հուսանք, որ Եվրոպան բուքմեյքերական այս կանխատեսումների հետ հաշվի չի նստի:

ՄԱՀԻՑ ՀԵՏՈ
Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի անվան շուրջ խոսակցությունները չեն դադարում անգամ նրա մահից հետո: «TMZ» պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկյան հայտնի պարուսույց Ուեյդ Ռոբսոնը հանգուցյալ լեգենդար երաժիշտ Մայքլ Ջեքսոնին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ: 30-ամյա Ռոբսոնը հայտարարել է, որ Մայքլ Ջեքսոնն իր հանդեպ անառողջ հետաքրքրություն է ցուցաբերել, երբ ինքն ընդամենը 5 տարեկան էր: Պարուսույցի խոսքով՝ 7 տարեկանից նա պարբերաբար մնում էր Ջեքսոնի կալիֆորնիական «Նեվերլենդ» ռանչոյում գիշերելու: Ջեքսոնի եւ Ուեյդի ընկերությունը շարունակվել է այնքան ժամանակ, մինչեւ պատանին դարձել է 14 տարեկան: Զարմանալի է, որ պարուսույցը նախկինում երբեք չի բարձրաձայնել այս ամենի մասին, իսկ հիմա նույնիսկ դատական հայց է ներկայացրել փոփ արքայի ժառանգության հիմնադրամի դեմ՝ նյութական փոխհատուցում պահանջելով վաղ մանկության տարիների պղծման համար: Հարկ է հիշել, որ 2005թ. հենց Ուեյդն է վկայություն տվել երաժշտի կողմից մեկ այլ երեխայի պղծման գործով: Այն ժամանակ պարուսույցը հերքել է, որ Ջեքսոնն իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ է կիրառել:




Լրահոս