«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ»
Մայիսի 13-ին` ժամը 13:00-ին, Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան ցուցասրահում (հասցե` Ավ. Իսահակյան փող. 36) բացվեց երիտասարդ քանդակագործներ Սարգիս Բաբայանի եւ Գեղամ Աբրահամյանի «Երկխոսություն» ցուցահանդեսը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու են իրենց ցուցահանդեսը անվանել «Երկխոսություն», 2011թ. ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր Սարգիս Բաբայանն ասաց. «Երկխոսություն քարի եւ բրոնզի միջեւ: Ինչպես նկատեցիք, մեր աշխատանքները պատրաստված են այդ երկու նյութից: Երկխոսություն նաեւ երկու ընկերների միջեւ, որոնք շատ ու շատ անգամ զրույց են ունեցել արվեստի մասին ոչ միայն բառերով, այլեւ իրենց ստեղծագործություններով»:
Երիտասարդ քանդակագործները հույս ունեն, որ ցուցահանդեսը նոր խթան կլինի ստեղծագործելու եւ իրենց ուղին նորովի շարունակելու համար: Ի դեպ, նրանք, ովքեր դեռ չեն հասցրել տեսնել այդ հետաքրքիր աշխատանքները, կարող են մինչեւ մայիսի 21-ն այցելել ամեն օր` 11:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում: Մուտքն ազատ է:
ՌՈՔ-ՓԱՌԱՏՈՆ
Մայիսի 16-ին եւ 17-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Arm Rock Fest» մրցույթ-փառատոնը: Մրցույթի առաջին օրը մասնակիցները կներկայացնեն համաշխարհային հիթեր, իսկ երկրորդ օրը` հեղինակային ստեղծագործություններ: Մրցույթի պրոդյուսեր Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ կմասնակցեն 12 նոր խմբեր, 8-ը` Հայաստանից, 4-ը` Վրաստանից եւ Իրանից:
«Arm Rock Fest»-ի կազմակերպիչներից մեկի` «The Beautified Project» ռոք խմբի անդամ Անդրե Սիմոնյանի խոսքով` այս ռոք փառատոնը շոու բիզնեսի հետ կապ չունի: Նա ընդգծեց, որ շատ մեծ տարբերություն կա հայտնի եւ սիրված լինելու մեջ: Երաժիշտն ուրախությամբ նկատեց, որ այսօր հայկական ռոք խմբերը կարողանում են վաճառել իրենց համերգների տոմսերը եւ ունեն հանդիսատես: Ըստ նրա` շատերը չգիտեն` շոու բիզնեսի ներկայացուցիչները տոմսերը վաճառում են, թե բաժանում, մինչդեռ ռոք երաժիշտներն իրոք վաճառում են դրանք, նրանք թատրոններում համերգ են տալիս լեփ-լեցուն դահլիճներով: