Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երեկվա հայտարարությանը, կարծիք հայտնեց, որ նա մեկ անգամ եւս ցույց տվեց, որ Ադրբեջանը պատրաստ չի բանակցությունների վերսկսմանը:
«Ալիեւի հայտարարությունը խոստովանությունն էր, որ իրենց համար այդ հանդիպումները ֆորմալ բնույթ են կրում: Նա նորից կրկնեց, որ Հայաստանը պետք է հրաժարվի օկուպացված քաղաքականությունից: Նշանակում է, որ իրենք չեն ուզում վերականգնել բանակցային պրոցեսը: Ուզում են այս վերջին 2-3 տարվա քաղաքականությունը շարունակել, որն է դա` նախապայմանային: Ասում է` ազատեք տարածքները հետո կխոսանք»,-ընդգծեց քաղաքագետը:
Նրա խոսքով թեև Սարգսյան-Ալիև հանդիպումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում արդյունք չունեցավ, այնուամենայնիվ այն կարևոր եւ անհրաժեշտ էր:
«Միամիտ կլիներ մտածել, որ հանդիպումը կբերեր բանակցային պրոցեսի վերսկսմանը: Մյուս կողմից չես կարող չհանդիպել: Հայաստանը պատրաստակամություն է ցուցաբերում հանդիպելու, քանի որ կա միջազգային հանրություն: Դրանով ցույց ես տալիս, որ դու կոնստրուկտիվ ես, պատրաստ ես հանդիպել: Ի վերջո միջազգային հանրության կարծիքը կարևոր է: Բայց անարդյունք էր բուն Ղարաբաղյան հարցի մասով, չվերսկսվեցին բանակցությունները»,-հավելեց Գրիգորյանը: