Պետք չէ հերոսանալ՝ ձևացնելով, թե Հայաստանը հաղթեց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն գրվել էր՝ ԵԽԽՎ-ում երեկ քվեարկության դրվեցին հակահայկական երկու զեկույցները` «Բռնության աճը ԼՂ եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրերով: Նրանցից առաջինը ԵԽԽՎ-ն քվեարկությամբ մերժեց, իսկ մյուսը հաստատեց: Տվյալ դեպքում Հայաստանի համար առավել անբարենպաստ փաստաթուղթը «Բռնության աճը ԼՂ եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցն էր, որը, բարեբախտաբար, ԵԽԽՎ-ն մերժեց ու վերադարձրեց քաղաքական եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողով:

«Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրով զեկույցը, չնայած նույնպես հակահայկական բովանդակություն ունի, սակայն այն ավելի շատ հումանիտար բնույթի փաստաթուղթ է եւ ի տարբերություն առաջինի՝ հեռու գնացող քաղաքական ձեւակերպումներ չի պարունակում: Իհարկե, հայտնի է, որ ԵԽԽՎ զեկույցներն իրենց բնույթով պարտադրող չեն եւ դրանք չեն կարող թիրախ դարձած երկրի համար անմիջական հետեւանք ունենալ: Սակայն նման զեկույցները, միեւնույն է, միջազգային հեղինակավոր ատյանի կողմից ընդունված փաստաթղթեր են եւ կարող են օգտագործվել առավել ծանրակշիռ փաստաթղթերի կազմման ժամանակ:

Ու եթե ԵԽԽՎ-ում ներկայացված երկրներում գործունեություն ծավալող ՀՀ դեսպաններն իրենց աշխատանքը կատարած լինեին եւ զբաղվեին դիվանագիտությամբ, այլ ոչ թե բիզնեսներով, ապա մեկուկես տարվա «կյանք ունեցող» զեկույցները չէին մտնի մեծ օրակարգ: Եւ ամենեւին պետք չէ հերոսանալ՝ ձեւացնելով, թե Հայաստանը հաղթեց: Իրականում հասկանալի է, որ ԵԽԽՎ քվեարկության վրա լրջագույն ազդեցություն ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունը, որը կոչ էր անում չխանգարել բանակցային գործընթացին, որը վարում է Խումը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս