ՄԻԱՅՆ ՓԻՂՆ Է ԸՆՏՐԵԼ «ԲԱՎԱՐԻԱ»-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կկայանա եվրոպական ֆուտբոլի 2012-2013թթ. մրցաշրջանի գլխավոր իրադարձությունը` Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Հիշեցնենք, որ մրցանակը խաղարկելու են նախորդ եւ այս մրցաշրջանի Գերմանիայի չեմպիոնները` Դորտմունդի «Բորուսիա»-ն եւ Մյունհենի «Բավարիա»-ն:
Խաղի ելքի վերաբերյալ հնչում են տարբեր կարծիքներ, արվում են կանխատեսումներ, կատարվում են խաղադրույքներ: Օրինակ՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը կարծում է, որ ներկայիս թիմը կարող է դորտմունդյան թիմի երկրպագուների հիշողության մեջ հավերժ մնալ այնպես, ինչպես 1997թ. Չեմպիոնների լիգայում հաղթած թիմը. «Այդ թիմը մինչեւ հիմա բոլորը հիացմունքով են հիշում: Իհարկե, «Բավարիա»-ն ամեն ինչ կանի մեզ հաղթելու համար: Ինչպեսեւ 1997թ., այնպես էլ այսօր «Բորուսիա»-ն եզրափակչի ֆավորիտը չէ, բայց այդ մրցավեճում ամեն բան էլ հնարավոր է»:
Երեւի մոլի ֆուտբոլասերները կհիշեն, որ Պաուլ անունով ութոտնուկը ճիշտ էր կանխատեսել Գերմանիայի հավաքականի գրեթե բոլոր խաղերի արդյունքները Եվրոպայի եւ աշխարհի նախորդ առաջնությունների ժամանակ: Պարզվում է, որ ութոտնուկի մահից հետո գերմանական մամուլը հայտնաբերել է նոր կենդանիների, որոնք կանխատեսումներ են կատարում ֆուտբոլային խաղերի արդյունքների վերաբերյալ: Մասնավորապես, Դորտմունդի կենդանաբանական այգում լրագրողները փորձություն են անցկացրել կենդանիների հետ: Օրանգուտան Վալդերին տվել են 2 պարկ, որոնց մեջ եղել են «Բավարիա»-ի եւ «Բորուսիա»-ի մարզաշապիկները: Նա հանել է դորտմունդցիների մարզաշապիկը: Իսկ փիղ Նելին միակ կենդանին է, որն ընտրել է «Բավարիա»-ին:
Բնական է, որ այս պահից փորձում են օգտվել նաեւ եզրափակչի տոմսերի վերավաճառողները` Չեմպիոնների լիգայի եզրափակչի տոմսերի համար պահանջելով անհավանական գներ. գլխավոր եվրագավաթի եզրափակիչ հանդիպման տոմսերի գինը բարձրացել է մոտ 38 անգամ: Այսինքն` 60 եվրո արժողությամբ տոմսերն այս օրերին սեւ շուկայում վերավաճառվում են 4,5 հազար եվրոյով: Իսկ, օրինակ, իսպանական կայքերից մեկը, որը զբաղվում է տոմսերի վերավաճառքով, եզրափակչի զույգ տոմսի համար պահանջում է 13,760 ֆունտ: Նշենք, որ մայիսի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում ներկա կլինի շուրջ 150 հազար գերմանացի երկրպագու, եւ, հաշվի առնելով, որ տոմս ունենալու է երկրպագուների միայն մեկ երրորդը, ենթադրվում է, որ հանդիպման տոմսերի գները դեռ բարձրանալու են:
Մինչ վերավաճառողները փող են աշխատում, ՈՒԵՖԱ-ն ցանկանում է փոփոխություններ կատարել եվրագավաթների կանոնակարգում` 2014-2015թթ. մրցաշրջանից: Նախատեսվում է Եվրոպայի լիգայի հաղթողին տալ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում խաղալու իրավունք` անկախ ազգային առաջնությունում զբաղեցրած տեղից:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս