ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ
Մեղրեցիները բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին` ահազանգելով, որ Տերտերասարի ոսկու, Լիճքվազ-Թեյի ոսկու, Ագարակի պղինձ-մոլիբդենի, Լիճքի պղինձ-մոլիբդենի, Այգեձորի պղինձ-մոլիբդենի եւ մի շարք այլ՝ նոր հանքավայրերի շահագործումն աղետալի վիճակի կհանգեցնի Մեղրու տարածաշրջանի առանց այդ էլ անբարենպաստ էկոլոգիան:
«ԴԱՉՆԻԿՆԵՐԻ» ՀՈՒՅՍԻՆ
Կոտայքի մարզի Պտղնի գյուղի մի խումբ ուսանողներ «ԳԱԼԱ»-ին բողոքել են, որ իրենց գյուղը Երեւանին կապող տրանսպորտային միջոցը՝ 106-րդ համարի երթուղին, գյուղապետի «թեթեւ ձեռքով հանվել է գծերից, եւ ուսանողները մնացել են դաչնիկների հույսին»:
ՄԵԿ Է` ԿԳՆԱՆ
Հայաստանում Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը դադարեցրել է «Հայրենակիցներ» եւ «Աշխատանքային միգրացիա» ծրագրերով հայտերի ընդունումը: «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե արդյոք ծառայության գործունեության դադարեցումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի վարչապետն ասել էր՝ ծառայության գործունեությունը ցանկալի չէ, թե այլ հանգամանք կա, Գյումրիում ՌԴ հյուպատոս Վասիլի Կորչմարը պատասխանել է. «Դա հավանաբար պայմանավորված է նրանով, որ այդ հարցը դեռ շատ սուր է դրված այստեղ` Հայաստանում»: Հյուպատոսը վստահեցրել է, որ, անկախ քննադատությունից, այդ ծրագրերը կշարունակվեն Հայաստանում հավանաբար աշնանը կամ գուցե ավելի շուտ:
ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՎԵՑ
Մայիսի 25-ին՝ ժամը 15:00-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչություն է զանգահարել մի քաղաքացի եւ ներկայանալով Տիգրան Մ.` հայտնել, որ ինքը գտնվում է Վրաստանում եւ 2 ժամից լինելու է Բագրատաշենի անցակետում: Նույն օրը Վրաստանից ՀՀ տարածք մուտքի ժամանակ ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողներին կամավոր ներկայացել է 1976թ. ծնված Տիգրան Մ.-ն, որը ս.թ. մայիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) մեղադրանքով: Նա կասկածվում է գրող Հրանտ Մաթեւոսյանի եղբորորդու` Մոտկորի անտառապետ Թ. Մաթեւոսյանի սպանության մեջ:
ՎՐԱՑԻՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն երեկ՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարել է, որ Վրաստանի ԱԳՆ-ն Շվեյցարիայի դեսպանատան միջոցով բողոքի նոտա է հղելու Ռուսաստանին, քանի որ իրենք վրդովված են, այսպես կոչված, վարչական սահմաններն ինքնակամ առաջ տանելու փաստի կապակցությամբ: Խոսքը Գորիի շրջանում ռուս սահմանապահների կողմից պայմանական սահմանը 300 մետր առաջ մղելու մասին է:
ԷԼԻ ԿԱՐԿՈՒՏ
Մայիսի 27-ին Արագածոտնի մարզի Օրգով, Բյուրական եւ Անտառուտ գյուղերում տեղացել է ուժեղ կարկուտ, ինչի հետեւանքով վնասվել են պտղատու ծառեր եւ ցանքատարածքներ: Ստեղծվել է հանձնաժողով՝ վնասի չափերը պարզելու համար:
ՃԶՄԱՉՅԱՆԸ` ՆԱԽԱԳԱՀ
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) խորհրդի նիստում միաձայն ՀԲՄ նախագահ է ընտրվել «Անելիք բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը՝ փոխարինելով «Արարատ բանկ»-ի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանին: Ի դեպ, Սամվել Ճզմաչյանը նախկինում եւս (2003-2006թթ.) ղեկավարել է Հայաստանի բանկերի միությունը: Նշենք, որ Հայաստանի տարածքում գործող 22 առեւտրային բանկերից 21-ը ՀԲՄ անդամ են:
ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը երեկ Բաքվում լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ Հայաստանը եւ Ադրբեջանն այս տարի առաջխաղացում կապահովեն Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում: