Երևան, 28 հունվարի, 2016թ. – ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը և Հայաստանի զարգացման հիմնադրամը ստորագրեցին փոխադարձ համագործակցության փաստաթուղթ, որպեսզի համատեղ նպաստեն Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, ինչպես նաև բարձրացնեն զբոսաշրջության ոլորտի դերը տեղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման հարցում:
«Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ համագործակցությունը կարևոր գործոն է երաշխավորելու, որ մեր ծրագրերն օրգանապես լրացնեն այլ շահագրգիռ կողմերի ջանքերը զբոսաշրջության ոլորտում հանգեցնեն համատեղ արդյունքների»,- նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:
«Զբոսաշրջության ոլորտի և տարածքների համաչափ զարգացումը Հայաստանի կառավարության գերակայություններից են, և ՄԱԶԾ-ի հետ համագործակցությամբ Հայաստանի զարգացման հիմնադրամը Բջնիում զբոսաշրջային այս ծրագրի միջոցով առավելագույնս նպաստում է այդ նպատակի իրագործմանը: Կարծում եմ` ծրագիրը հաջող օրինակ կծառայի նմանատիպ այլ նախաձեռնությունների համար,- նշեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:
ՄԱԶԾ-ն և Հայաստանի զարգացման հիմնադրամը հաջողությամբ համագործակցել են գյուղական զբոսաշրջության ինտեգրված զարգացման վերաբերյալ նախագծի հայեցակարգը մշակելու շուրջ: Այն կենտրոնացած է կայուն եկամտի ապահովման հնարավորությունների` իբրև եկամտի լրացուցիչ աղբյուրի ստեղծման վրա, որպեսզի նվազեցնի գյուղական աղքատության մակարդակը, օժանդակելով Հայաստանի տարածքային համաչափ զարգացմանը, ինչպես նաև երկրում ձևավորելով գյուղական զարգացման համար նպաստավոր միջավայր:
Որպես փորձնական նախաձեռնություն, ՄԱԶԾ-ն ուսումնասիրել է զբոսաշրջության չօգտագործված ներուժը Կոտայքի մարզի Բջնի համայնքում: Սպասվում է, որ համայնքում զբոսաշրջության փորձարկված և հաջողված միջոցառումները կկիրառվեն Հայաստանի այլ համայնքներում ՄԱԶԾ-ի առաջիկա ծրագրերում:
Հանրային քարոզարշավներն ու իրազեկումը նույնպես համագործակցության մաս են կազմում, քանզի ՄԱԶԾ-ն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը պատրաստվում են համատեղ գործունեություն ծավալել, որպեսզի ԶԼՄ-ների, սոցիալական ցանցերի և տարբեր քարոզչական միջոցառումների օգնությամբ նպաստեն թիրախային գյուղական համայնքների` փոքր զբոսաշրջային վայրեր դառնալուն:
***
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը գործընկերային կապեր է հաստատում հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հետ` զորակցելով պետություններին դիմակայելու ճգնաժամերին: ՄԱԶԾ-ն խթանում է նաև աճը, որ կոչված է բարելավելու յուրաքանչյուր անձի կյանքի որակը: Մնայուն ներկայություն ունենալով ավելի քան 170 երկրներում և տարածքներում` մենք համաշխարհային փորձ և տեղական լուծումներ ենք մատուցում` նպաստելով կյանքի բարելավմանը և աջակցելով կայուն պետականության ձևավորմանը: ՄԱԶԾ-ն hաստատվել է Հայաստանում 1993թ. մարտին և աջակցում է կառավարությանն իրականացնելու ազգային զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև հասնելու Հազարամյակի զարգացման նպատակներին:
Հայաստանի զարգացման հիմնադրամը ստեղծվել է մեր երկրի տնտեսական աճի խթանման հիմնական առաքելությամբ: Հիմնադրամի գլխավոր նպատակն է Հայաստանի վարկանիշի և մրցունակության բարձրացումը, ներդրումների ներգրավումը, զբոսաշրջության, արդյունաբերության զարգացումն ու արտահանման խթանումը: