B4M.am (Business for Business) լրատվական-վերլուծական պորտալը ներկայացնում է ՀՀ առևտրային բանկերի վարկանիշը՝ ըստ 2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ նրանց վարկային պորտֆելների մեծության։ Տվյալները վերցված են 21 առևտրային բանկերի՝ 2015թ. չորրորդ եռամսյակի միջանկյալ հաշվետվություններից։
Վարկային պորտֆել (հաճախորդներին տրված վարկեր և փոխառություններ)
2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ 21 առևտրային բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված վարկերի և փոխառությունների ծավալը կազմել է 2 տրլն 123.9 մլրդ դրամ։ 2014թ. դեկտեմբերի 31-ի համեմատ (1 տարվա ընթացքում) բանկերի վարկային պորտֆելն աճել է 30.3 մլրդ դրամով կամ 1.5%-ով։
Նախորդ տարվա վերջի դրությամբ ամենամեծ վարկային պորտֆելն ունի «Ամերիաբանկը»՝ 304.4 մլրդ դրամ։ Երկրորդ տեղում «Արդշինբանկն» է՝ 274.9 մլրդ դրամ, երրորդում՝ «Հայբիզնեսբանկը»՝ 206 մլրդ դրամ։
Ամենից փոքր վարկային պորտֆելներն ունեն «ԲՏԱ-Հայաստան» բանկը (6.1 մլրդ դրամ) և «Մելլաթ բանկը» (5.4 մլրդ դրամ)։
Նշենք, որ ցանկի առաջին 5 տեղերը զբաղեցնող բանկերին, միասին վերցված, պատկանում է վարկային պորտֆելի կեսից ավելին՝ 54.1%-ը։
Նշենք, որ տեսակարար կշիռների հաշվարկի և վարկերի ընդհանուր ծավալի մեջ «ՊրոԿրեդիտ» բանկի ցուցանիշները չեն հաշվարկվել, քանի որ դրանք արդեն արտացոլված են «Ինեկոբանկի» ցուցանիշներում («Ինեկոբանկի» կողմից «ՊրոԿրեդիտ» բանկի ձեռքբերման արդյունքում)։
2015 թվականի ընթացքում բացարձակ մեծությամբ ամենից շատ աճել է «Արդշինբանկի» վարկային պորտֆելը (55 մլրդ դրամով), իսկ տոկոսային առումով՝ «Ինեկոբանկինը»՝ (43.1%-ով)։