Կառավարության պաշտոնյայի եղբոր առեղծվածային ինքնասպանության հետքերով. ինչի՞ց սկսվեց ամեն ինչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են հանցավոր մի ողջ մեխանիզմ:

«Գեոպրոմայնինգ Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ճաշարանի վարիչ, Արարատ գյուղի բնակիչ Լևոն Սարգսյանն ու նրա որդի Վոլոդյա Սարգսյանը, հանցավոր համաձայնության գալով նույն կազմակերպության արտադրության տնօրեն, Արարատ քաղաքի բնակիչ Արտակ Գալստյանի, արտադրամասի աշխատակիցներ Բագրատ Ավետիսյանի և Արթուր Խանոյանի հետ, ստեղծելով հանցավոր խումբ` վերամշակման արտադրամասից գողացել են առանձնապես խոշոր արժողության ոսկու հանքանյութ, այն տեղափոխել Քաջիկ Մարգարյանին պատկանող լճեր: Հանքանյութը լվանալու եղանակով նրանք ստացել են մեկ կիլոգրամ 400 գրամ ոսկու զանգված:

Այնուհետև Լևոն և Վոլոդյա Սարգսյանները, նախապես պայմանավորվելով Երևանի բնակիչներ Արկադի Եսայանի և Վահան Սիմոնյանի հետ, ոսկու զանգվածն իրացնելու նպատակով ժամանել են մայրաքաղաքի «Ոսկու աշխարհ» տոնավաճառ: Այստեղ Լևոն Սարգսյանը Եսայանին է վաճառել մեկ կիլոգրամ ոսկին` 38 հազար 800 դոլարով, իսկ որդին` Վոլոդյան Սիմոնյանը, վաճառել 400 գրամ ոսկին` դրա դիմաց ստանալով 14 հազար 830 դոլար: Այս գործարքից անմիջապես հետո էլ վերջիններս` գողոնով ու գումարով, բերման են ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:

Քրեական գործի հետագա քննության ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործությանը մասնակցություն են ունեցել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, հետևապես քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և նույն օրն ընդունվել է վարույթ:

Այս տարվա հունվարի 30-ին Կիևյան կամրջից նետվեց կասկածյալներից 47-ամյա Արտակ Գալստյանը, ով բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետ Հակոբ Գալստյանի եղբայրն է։ Ինքնասպանությունից առաջ Գալստյանը տանը գրություն էր թողել, թե գնում է Կիևյան, սակայն մինչև կինը գտել ու հասել էր կամրջի մոտ, արդեն ուշ էր եղել:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Գալստյանին սպառնացել են, որ անուններ տալու դեպքում հրաժեշտ կտա ընտանիքին։ Նույն տեղեկություններով՝ գործով մոտ 3 տասնյակից ավելի մարդ է անցնում, հիմա ֆաբրիկայում ահուդողով սպասում են, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում։

Հատուկ քննչական ծառայությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ նախաքննության ընթացքում գողությանը մասնակցություն ունենալու կասկածանքով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ձեռնարկվել են միջոցառումներ հիշյալ ՍՊ ընկերության արտադրության պետ Արտակ Գալստյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ, մինչդեռ վերջինս չի հայտնաբերվել: Արտակ Գալստյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն երբևէ չի ներկայացել, չի հարցաքննվել և նրա մասնակցությամբ քննչական որևէ գործողություն չի կատարվել:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Քննչական կոմիտեից, ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ Գալստյանի՝ Կիևյան կամրջից նետվելու դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Քննություն է տարվում՝ հանգամանքները պարզելու համար:

Թե ինչը կամ ով է Արտակ Գալստյանին ինքնասպանության դրդել, դեռևս վաղ է ասել: Հարցի պատասխանը, թերևս, կստանանք քննության ավարտից հետո: ArmLur.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Գալստյանի հարազատները չեն կարողանում անգամ ենթադրել՝ ինչն է նրան այդ աստիճան հուսահատության հասցրել: Նա ֆինանսական կամ անձնական խնդիրներ, թշնամիներ չուներ: Կապվա՞ծ է արդյոք ինքնասպանությունը քրեական գործի հետ, վաղ է ասել:

Ի դեպ, ArmLur.am-ը Արարատի ոսկու կորզման կոմբինատից տեղեկացավ, որ Արտակ Գալստյանին փոխարինող դեռևս չի նշանակվել: Կազմակերպության արտադրության տնօրենի պաշտոնը թափուր է:




Լրահոս