Հերթական առեղծվածային ինքնասպանությունը. 47-ամյա տղամարդը, ըստ հարազատների, խնդիրներ չուներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երևանի Կիևյան կամրջից նետվելու միջոցով ինքնասպան է եղել Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի 47-ամյա բնակիչ Արմեն Ս.-ն: Ինքնասպանության հերթական դեպքը կրկին առեղծված է. ոչ ոք չգիտի՝ ինչը կարող էր տղամարդուն նման քայլի դրդել, ինչն էր նրան հուսահատության դուռը հասցրել:

Ագարակի համայնքապետ Վահան Խաչատրյանը ArmLur.am-ին հայտնեց, որ համագյուղացուն երկար տարիներ չի տեսել, սակայն նրա և ընտանիքի մասին տեղեկություններ մշտապես ունեցել է, կապը պահպանվել է:

Վահան Խաչատրյանի փոխանցմամբ՝ տղամարդու ընտանիքը տարիներ շարունակ Երևանում է ապրում, իսկ Արմեն Ս.-ն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ էր մեկնում՝ արտագնա աշխատանքի. «Հարազատները Երևանում են: Մի աղջիկ ունի: Առողջական խնդիրներ, իմ իմանալով, չուներ: Համենայնդեպս, կինն ասաց, որ լուրջ խնդիրներ չեն եղել: Անհասկանալի բան էր, իսկական ողբերգություն»,- հավելեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 15.46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել: Փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են 1969 թ. ծնված Արմեն Ս.-ի դին:




Լրահոս