Հանրապետության հրապարակի, ընդհանրապես մայրաքաղաքի ճարտարապետական տեսքի, հուշարձանների թեման շարունակում է մնալ հրատապ:
Երեկ կայացած մամուլի ասուլիսում վերոնշյալի վերաբերյալ կարծիք հայտնեց նաեւ Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը: Նա իրեն համարում է նաեւ քաղաքի տեր, քանի որ նրա բազմաթիվ քանդակները ձեւավորել են Երեւանի արտաքին միջավայրը. «Ես լսեցի նաեւ ճարտարապետների վրդովմունքը, որ անընդհատ քաղաքի կենտրոնի վրա են «խաղում». մի ժամանակ խոսում էին գմբեթ ավելացնելու մասին` դա համարելով Թամանյանի գաղափարը: Հետո խոսեցին Լենինի հուշարձանի տեղն այլ հուշարձան տեղադրելու, այս անգամ էլ` պատկերասրահի շենքի մասին: Ես ճիշտ չհասկացա. ինչ-որ մի բան պիտի ավելանա՞, թե՞ այդ հատվածը պիտի հանվի: Էլ ոչ մի բանի վրա չեմ զարմանում. եթե արտգործնախարարության շենքը կարող է վերածվել հյուրանոցի, վաղը մյուս օրն էլ կարող է պատկերասրահը մի ուրիշ օբյեկտ դառնալ»:
Ըստ բանախոսի՝ պետք է լինի ոճական միասնություն, ոչ բոլոր առաջարկությունները կարող են կյանքի կոչվել, պետք է ընտրվեն քաղաքի դիմանկարին համահունչ նախագծերը, որոնք դիսոնանս չեն ստեղծի: Երբ Հյուսիսային պողոտան կառուցվել է, քանդակագործը մտածել է, որ նախկին Սվերդլովի փողոցի իրենց անշուք շենքն էլ կքանդեն, բայց քանդել են թիվ 17 շքեղ տունը, որտեղ հրաշք կամար կար, քարի շարվածք էր, կախովի պատշգամբ. «Մտածում էի` աշխարհում կա՞ մի քաղաք, որ այսպիսի գեղեցկություն ունենա: Բայց եկան, միանգամից քանդեցին, կարելի՞ էր, չէ՞, այդ մեկը պահել: Բա մեր քաղաքն ինչո՞վ է հին: Բնական է, որ քաղաքը պիտի ունենա իր օրինական զարգացումը. վատը պիտի քանդվի, անկայունը, փլուզվողը պիտի քանդվի, բայց լավը պիտի պահպանվի»:
Ինչ վերաբերում է «Մեր մեծերի արձանները» նախագծին, ապա, ըստ քանդակագործի, այդ գաղափարը լավն էր, իսկ կատարումը` թերի. «Դրանք մի քիչ խղճուկ էին, մի քիչ չուչելային»: Բանախոսին դուր չի գալիս, որ վերջին շրջանում կինոկադրերը վերածվում են քանդակների. «Կինոն կինո է, ունի իր պլաստիկ լեզուն, իսկ քանդակագործությունն իր սկզբունքներն ունի, իր գաղափարները»:
Լեւոն Թոքմաջյանը խորհուրդ տվեց հանգիստ թողնել կենտրոնը, գնալ ծայրամասեր եւ այդպես զարգացնել քաղաքը. «Մի 50 տարի ոչինչ պետք չէ փոխել հրապարակում, գուցե ապագայում մեկի մոտ հանկարծ մի հանճարեղ միտք կծնվի… Իսկ այդ կամարների ձեռքը գժվել ենք արդեն, մի՞թե հայկական ճարտարապետությունում միայն կամարն է»:
Մեկ այլ ծայրահեղություն էլ քանդակագործը համարում է այսքան շատ եկեղեցի կառուցելը:
«ԷԼ ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ՎՐԱ ՉԵՄ ԶԱՐՄԱՆՈՒՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ