Բունդեսթագում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին քննարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Բունդեսթագում փետրվարի 25-­ին կքննարկեն Հայոց ցեղասպանության հարցը՝ հարգանքի տուրք մատուցելով 100 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին տեղեկացնում է Բունդեսթագի պաշտոնական էջը: Քննարկումը նախաձեռնել է Բունդեսթագի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցությունը, որի համանախագահն ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրն է: Հարցի քննարկմանը կտրամադրվի 45 րոպե: «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցությունը և դրա համանախագահը բազմիցս դատապարտել են Հայոց ցեղասպանությունը՝ հորդորելով Թուրքիային ընդունել պատմական իրողությունն ու առերեսվել կատարվածին:

Գերմանիայի խորհրդարանը 2005 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշում: Բունդեսթագի որոշման մեջ, սակայն, չի օգտագործվել Հայոց ցեղասպանություն եզրը, այլ նշվել է «հայերի կոտորածներ»: 2015 թվականի մարտին Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը հայտարարել էր, որ «Օսմանյան կայսրությունում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ողջ աշխարհի աչքի առաջ տեղի ուենցածը ցեղասպանություն էր: Եվ դա 20­րդ դարի վերջին ցեղասպանությունը չէր»:

Ապրիլի 24­-ին Բունդեսթագում լսումներին ընդառաջ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ­Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, որ ինքն այն պատգամավորների կողքին է, ովքեր կողմ են հայերի զանգվածային սպանությունները «ցեղասպանություն» անվանելուն: Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկն ապրիլի 23­-ին Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված արարողության ժամանակ իր ելույթում օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը:




Լրահոս