«Շուն խփող» Ռուբեն Սադոյանը կընդառաջի՞ կենդանասեր հասարակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Դինգո» թիմը բողոքի ակցիա էր կազմակերպել Երևանի քաղաքապետարանի, ապա Կառավարության առջև: Եվ ինչպես միշտ, այս անգամ ևս բողոքավորներին Կառավարության աշխատակազմից լսեց նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը: Վերջինս սակայն որևէ սպառիչ պատասխան չտվեց ցուցարարներին:

Նախ նշենք, որ ակցիայի նպատակը մայրաքաղաքում շների սպանդի դեմ բողոքի ձայն բարձրացնելն ու դրան վերջ տալու պահանջ բարձրացնելն էր:

Ինչպես հայտնի է, թափառող կենդանիների վնասազերծման և ստերիլիզացման ծառայություն իրականացնում է «Յունիգրաֆ-Իքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Այն պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Սադոյանին՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի եղբորը: Ի դեպ, քաղաքապետարանի հայտարարած մրցույթներում մշտապես հաղթող է ճանաչվում հենց այս ընկերությունը:

Ցուցարարները հայտնեցին, որ միջազգային տարբեր կազմակերպություններ արդեն իսկ ուզում են համագործակցել իրենց հետ, և այս հանագամանքը կարող է շատ թանկ արժենալ Հայաստանի վարկանիշի վրա:

ArmLur.am-ը փորձեց «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ սեփականատեր Ռուբեն Սադոյանից պարզել՝ հնարավո՞ր է արդյոք ընդառաջեն կենդանասեր հասարակությանը և սպանդի փոխարեն այլ՝ ավելի բարեխիղճ մեթոդներ կիրառեն թափառող կենդանիներին վնասազերծելու ուղղությամբ: Ցավոք, պատգամավորի հետ կապ հաստատելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին նաև ընկերությունից:




Լրահոս