ԱԺ արտահերթ նիստում երեկ ընդունվեց Հայաստանում նվազագույն աշխատավարձը 10 հազար դրամով բարձրացնելու մասին կառավարության օրինագիծը: Կառավարության հեղինակած նախագծին երեկ կողմ քվեարկեց 91, դեմ` 0 եւ ձեռնպահ` 1 պատգամավոր: Այսուհետ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 35 հազար դրամի փոխարեն կազմելու է 45 հազար դրամ:
Աշխատավարձերի բարձրացման լուրն առաջին հայացքից, իհարկե, բավական լավ է հնչում: Բայց` սա միայն առաջին հայացքից, որովհետեւ իրականում նվազագույն աշխատավարձի բարձրացումը որեւէ ազդեցություն ՀՀ բնակչության կենսամակարդակի վրա չի կարող ունենալ: Այլ դա ընդամենը հրաշալի առիթ է` ցույց տալու, թե իբր իշխանությունները մտահոգված են ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակով ու հիմա քայլեր են անում մարդկանց կենցաղային հոգսերը թեթեւացնելու համար:
Բանն այն է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բնակչության շատ չնչին մասի վրա է կոնկրետ ազդեցություն ունենալու: Հայաստանում, պաշտոնական վիճակագրության համաձայն, նվազագույն աշխատավարձ ստանում է մոտ 160 հազար մարդ, որոնցից 70 հազարն աշխատում է պետական կառույցներում, 90 հազարը` մասնավոր ընկերություններում: Ընդ որում, այս թվերին պետք է լուրջ վերապահումներով մոտենալ. որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ մասնավոր ընկերություններում սովորաբար գործում է երկու հաշվապահություն: Հարկային շատ պարտավորություններից խուսափելու համար մասնավոր ընկերությունները գերադասում են փաստաթղթերում ցույց տալ, թե իբր աշխատողներին վճարում են նվազագույն աշխատավարձ, իսկ մնացած գումարը տալիս են առձեռն: Ասել է թե՝ պաշտոնական վիճակագրությամբ ամրագրված թիվը, թե 90 հազար հոգի ստանում է նվազագույն աշխատավարձ, իրականությանն ամբողջովին չի համապատասխանում, եւ եթե անգամ վաղը փաստաթղթերում 35 հազար դրամի փոխարեն նշվի 45 հազար դրամ, դա չի նշանակում, թե տվյալ մարդու եկամուտն ավելանալու է: Ուստի մնում է միայն պետական հատվածը: Ու եթե հաշվի առնենք փաստը, որ, ըստ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ-ում մշտական բնակչության թիվը կազմում է 3 մլն 28 հազար մարդ, ապա ստացվում է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը կազդի բնակչության ընդամենը 2.3-2.5 տոկոսի վրա, այսինքն` հիմնականում պետական հատվածում աշխատողների եկամուտների վրա: Իսկ ՀՀ բնակչության 98 տոկոսի վրա ԱԺ երեկ ընդունած օրենքը որեւէ ազդեցություն չի ունենա:
Ընդհակառակը, առաջիկայում սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանում խոստանում է էլ ավելի սրվել: Ինչպես հայտնի է, առաջիկայում գազի, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետեւանքով տեղի կունենա համատարած գնաճ. կբարձրանան մյուս բոլոր ապրանքատեսակների ու ծառայությունների գները: Ըստ տնտեսագետների կանխատեսումների՝ առաջիկայում գնաճը կազմելու է մինչեւ 8 տոկոս: Իսկ դա նշանակում է, որ գնաճը պարզապես չեզոքացնելու է նվազագույն աշխատավարձի բարձրացման հետեւանքը: Մյուս կողմից, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ ՀՀ բնակչության 98 տոկոսի եկամուտները չեն աճի, ապա կարելի է եզրակացնել, որ հուլիս ամսից սկսած՝ մարդիկ ավելի վատ են ապրելու, քան այսօր: Այլ կերպ ասած՝ երեկ ԱԺ-ում ընդունված օրենքը չի թոթափելու մարդկանց հոգսը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցնում էր, որ իշխանությունները քայլեր են անում ժողովրդի վիճակը բարելավելու համար: «Նվազագույն աշխատավարձի բարձրացումը միայն առաջին քայլն է,-շեց Ասատրյանը` հավելելով,-2014թ. հունվարից նախատեսվում է աշխատավարձի նոր համակարգի, նոր սանդղակի ձեւավորում, եւ այդ նպատակով պետական բյուջեից ցանկանում ենք 50 մլրդ դրամ հատկացնել»:
Հ.Գ. Ի դեպ, այս տարվա մարտին Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր հուլիսի 1-ից միջին աշխատավարձը բարձրացնելու մասին: «Ունենք ծրագրեր` միջին աշխատավարձի չափը բարձրացնելու: Կառավարությունում լրջությամբ քննարկում են այս տարվա հուլիսի 1-ից միջին աշխատավարձի չափը շոշափելիորեն բարձրացնելու հարցը, թոշակների բարձրացման հարցը»,-ասել էր Սերժ Սարգսյանը: Այսօր պետք է արձանագրենք` նրա հերթական խոստումը հերթական անգամ մնաց օդում կախված. հուլիսի 1-ից միջին աշխատավարձը ոչ միայն շոշափելիորեն, այլեւ ընդհանրապես չի բարձրանալու: Լավագույն դեպքում, իշխանությունները կփորձեն միջին աշխատավարձի բարձրացման հարցին անդրադառնալ հաջորդ տարվա հունվարի 1-ից: Իսկ ՀՀ քաղաքացիներին մինչեւ հունվար դեռ ապրել է պետք:
Ո՞ՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ