Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությունում այս օրերին ընթացող ստուգումներին, հայտնեց, թե պլանային ստուգումներ են. «Դրանում չպետք է որեւիցե հետին միտք փնտրել»:
Երեկ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում գիտնականների հետ հանդիպումից հետո, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Մարտի 1-ի ողբերգական դեպքերին, թե ինչու իշխանական ներկայացուցիչները որեւէ կերպ չեն անդրադառնում կատարվածին, չեն սգում, մանավանդ այն դեպքում, երբ զինված ուժերի ծառայողներ եւս կան զոհվածների շրջանում, նախարարը պատասխանեց, որ խնդիրներն իրավական դաշտում են. «Բանակի առջեւ դրված կարեւոր խնդիրը Արցախի պաշտպանությունն է: Ինչ վերաբերում է մեր ծառայողներին կամ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել, մենք բոլորի համար ցավում ենք»:
Մեր այն հարցին, որ 2008 թվականին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր, արդյո՞ք տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասով իր մեղքի բաժինը չի տեսնում, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Այն, ինչ կատարվում է մեր հասարակության մեջ, երեւի թե յուրաքանչյուրս ինչ-որ մի ձեւ պետք է մեր մեղքի բաժինը տեսնենք: Ամեն ինչ պետք է անենք, որ այս դժվարին ժամանակահատվածներում մեր հասարակությունը համախմբված լինի` մեր երկիրն ավելի անվտանգ եւ զարգացող տեսնելու համար, ինչն այսօր Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն իրականացնում է: Այն, ինչ տեղի է ունեցել այդ տեղային բախումների ընթացքում, իհարկե, ցավալի է»:
«Ժողովուրդ»-ը ՀՀ պաշտպանության նախարարից հետաքրքրվեց ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից պաշտպանության նախարարությունում իրականացվող ստուգումների եւ, առհասարակ, տիրող իրավիճակի մասին:
-Պարո՛ն Օհանյան, ի՞նչ է կատարվում ՀՀ պաշտպանության նախարարությունում. բանը հասել է նրան, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունն է ստուգումներ իրականացնում:
-Յուրաքանչյուր քաղաքակիրթ եւ ժողովրդավարապես զարգացող երկրում զինված ուժերը գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո, ե՛ւ ժողովրդավարական, ե՛ւ հասարակական վերահսկողության ներքո: Հասարակական վերահսկողությունը իրականացնում է ժողովուրդը, իրականացնում են հասարակական կազմակերպությունները, իրականացնում են զանգվածային լրատվամիջոցները: Ժողովրդավարական վերահսկողությունը իրականացնում են բոլոր այն մարմինները, ում ենթակայության տակ է գտնվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերը` Հայաստանի Հանրապետության նախագահը, Ազգային ժողովը, Կառավարությունը, վերահսկիչ պալատը, Մարդու իրավունքների պաշտպանը եւ, ի վերջո, պաշտպանության նախարարը, որը նույնպես քաղաքացիական անձնավորություն է եւ քաղաքական թիմի անդամ: Բոլոր այդ կառույցները պլանավորված համապատասխան միջոցառումներ եւ ստուգումներ են իրականացնում բոլոր այն ոլորտներում, որոնք կապված են առաջին հերթին ռազմավարական պլանավորման միջացառումների հետ, եւ այն բոլոր ուղղությունները, որոնք կապված են ֆինանսական բյուջետավորման խնդիրների հետ: Այդ առումով այն գնումները, որոնք այսօր իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, գտնվում են մշտապես վերահսկողության ներքո: Հայաստանի Հանրապետության նախագահի վերահսկիչ վարչությունը պլանային ստուգումներ է իրականացնում: Հիմա այդ պլանային ստուգումներից հետո վերահսկիչ պալատն է ստուգելու, այդ ստուգումների մշտական վերահսկողության մեջ գտնվում է ազգային անվտանգության ծառայությունը, պաշտպանության նախարարի ենթակայության տակ գտնվող ռազմական ոստիկանության զինվորական ունեցվածքի պաշտպանության բաժինը, վերահսկիչ վարչությունը, ներքին աուդիտի վարչությունը: Բոլորն էլ պլանային ստուգումներ են: Ես ուզում եմ ձեզ ասել, որ այդ բոլոր ստուգումների ակունքներում եւ նախաձեռնություններում հենց ինքը պաշտպանության նախարարությունն է:
-Դատելով նախկին բացահայտումների ընթացքից՝ ՀՀ իրավապահ համակարգն այնքան էլ օբյեկտիվ չի գործել կամ կաշկանդված է եղել ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, ուստի ՀՀ ՊՆ-ում տիրող «բեսպրիդելը» կանխելու համար Սերժ Սարգսյանը հրահանգել է իր վերահսկողական ծառայությանը ստուգումներ սկսել ՊՆ-ում:
-Ես մոռացա ասել, որ այդ ստուգման ակունքներում կանգնած են նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը եւ ռազմական դատախազությունը, որոնք իրենց գործառույթները պատշաճ կերպով են իրականացնում: Չեմ կարծում, թե այնտեղ ինչ-որ մեկ վարչության կամ մեկ կառույցի վերահսկողության խնդիր կա: Անկասկած ստուգման արդյունքներում միշտ հրապարակվում են այդ բոլոր տվյալները: Ստուգման արդյունքում կարող են նաեւ թերություններ լինել, որոնք կարող են լրացնել մեր իսկ ստուգված թերությունները: Դրանում չպետք է որեւիցե այլ հետին միտք փնտրել:
-Լուրեր կան, որ ՊՆ-ի կողմից հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչված ընկերությունների թիկունքին կանգնած է ՀՀ պաշտպանության նախարարի՝ Ձեր ընտանիքը:
-«Ժողովուրդ» թերթին խորհուրդ կտայի միայն այն տեղեկությունները տարածել, որոնք հիմնավորված են: Պաշտպանության նախարարի ընտանիքի որեւէ անդամ զբաղված չէ գնումներով: Չգիտեմ՝ որտեղից եք լուրերը լսում:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԿԾԱՆՐԱՑՆԵՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով ազատազրկված 4 անձանց կալանքը եւս երկու ամսով երկարաձգվեց: «Ժողովուրդ»-ին այս գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Հիշեցնենք, որ 2015 թվականի մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ էր իրականացվել, ինչի կասկածանքով կալանավորվել էին Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը եւ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արա Բուդաղյանը: Դեպքից անցել է 9 ամիս, եւ մինչ օրս կալանավորված անձանցից Արա Բուդաղյանը, Գարեն Աթաջանյանը եւ Վիտալի Մինասյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Հենրիկ Ավագյանը, որին մեղադրանք է առաջադրվել պատվերով սպանության, ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու հատկանիշներով, ընդունել է, որ ինքն է կրակել մարզպետի մեքենայի ուղղությամբ, սակայն ոչ թե սպանելու, այլ վախեցնելու նպատակով: Ավելին՝ ԱԱԾ-ի կողմից նշանակված փորձաքննության վերջնական եզրակացության համաձայն՝ մարզպետի մեքենային ուղղված կրակոցներն այնպիսին են եղել, որ չէին կարող դրա մեջ գտնվող մարդկանց վնասել: Ասել է, թե կրակոցները Սուրիկ Խաչատրյանին ոչ թե սպանելու, այլ վախեցնելու նպատակ են ունեցել:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ այս գործով ազգային անվտանգության ծառայությունում մի շարք վարկածներ են առաջ քաշվել: Պարզվում է՝ Հենրիկ Ավագյանը կանգնած է եղել մեքենայի աջ կողմում, եւ, բնական է, կրակել է միայն աջ կողմից, սակայն կարծես թե փորձաքննության ընթացքում հայտնաբերվել են փաստեր, որ կրակոցների հետքեր են հայտնաբերվել նաեւ մեքենայի ձախ կողմում: Եւ հիմա քննարկվում է այն վարկածը, որ Հենրիկ Ավագյանի կրակելուց եւ փախուստի դիմելուց հետո մարզպետի մեքենայի ուղղությամբ այլ կրակոցներ էլ են հնչել: Ու եթե սա ապացուցված համարվի, ապա կատարված հանցագործության աստիճանը ինքնաբերաբար կծանրանա:
Գրել էինք, որ գործով կալանավորված Գարեն Աթաջանյանը ցուցմունք է տվել Արա Բուդաղյանի դեմ, ինչից հետո, ըստ լուրերի, վերջինիս պետք է ազատ արձակեին` հիմք ընդունելով առողջական վիճակը: Սակայն մեզ հասած տեղեկություններով՝ օրերս միջնորդություն է ներկայացվել առողջապահության նախարարություն, որպեսզի հանձնաժողով ստեղծվի, եւ ստուգման ենթարկեն Գարեն Աթաջանյանին՝ պարզելու համար, թե արդյո՞ք նրա առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի է, թե ոչ:
Այսպիսով, հետաքրքիր զարգացումներն առջեւում են:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆԱՄԱԿ Է ԳՐԵԼ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Նոր Հայաստան»-ի անունից նամակ է ուղարկել Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆրեդերիկա Մոգերինիին, որում մասնավորապես ասված է. «Ձեր միջոցով դիմում ենք եւ պնդում, որ եվրոպական ժողովուրդների ընտանիքը շտկի իր սեփական հետագիծը. 1) ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ բոլոր այն անձանց ինքնությունը, ովքեր կազմակերպել ու իրականացրել են եւ/կամ պարտակել են Մարտի 1-ի հանցագործությունը եւ համապատասխանաբար միջազգային պատժամիջոցներ ԿԻՐԱՌԵԼՈՎ նրանցից յուրաքանչյուրի ու բոլորի նկատմամբ: Սա պետք է արվի՝ հիմնվելով փաստահավաք խմբի բացահայտած եւ միջազգային մասնագետների վերահսկած քննությամբ ձեռք բերված ապացույցների վրա, 2) ԱՊԱՀՈՎԵԼՈՎ, որ համապատասխան դե ֆակտո իշխանություններն իսկույն եւեթ կկատարեն ա) «Human Rights Watch» կազմակերպության պահանջը քաղբանտարկյալ Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու վերաբերյալ, եւ բ) մի քանի այլ իրավապաշտպանների ու մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների պահանջը՝ վերանայելու բանտում գտնվող մյուս քաղաքացիների գործերը
ՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆԻՆ
Փետրվարի 29-ին եւ լույս մարտի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 900 կրակոց: Շփման գծի արեւելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ /1 արկ/: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւ շարունակում իրենց կամքը թելադրել առաջնագծում: