Հանրային պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել` կապված Վարդգես Գասպարիի գործի հետ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Վարդգեզ Գասպարին հրապարակային կերպով սոցիալական ցանցերում վիրավորանքներ է հասցրել հանրային պաշտպաններին, այն բանի համար, որ հանրային պաշտպանի գրասենյակը քրեական գործով հանրային պաշտպաններով էր ապահովել Վարդգեզ Գասպարիին:
Այս կապակցությամբ պարզաբանում ենք հետևյալը՝ Հանրային պաշտպանի գրասենյակը քրեական գործերով հանրային պաշտպան տրամադրում է միայն վարույթն իրականացնող մարմնի (այդ թվում՝ դատարանի) որոշման հիման վրա։ Հանրային պաշտպանի գրասենյակը երեք անգամ ստացել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումներ, որոնցով դատարանը գտել է, որ «Վարդգես Լիվանի Գասպարիին պետք է ազատել իրավաբանական օգնության վճարից և դիմել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակին՝ պաշտպան նշանակելու համար..»։
Հանրային պաշտպանի գրասենյակը պարտավոր էր ի կատարումն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի` տրամադրել գործը հանրային պաշտպանին, ինչը և կատարել է` գործը հանձնվել է հանրային պաշտպան Մերի Ալավերդյանին, այնուհետև՝ Լլյուդվիգ Ավետիսյանին և Լիանա Գասպարյանին: Նշված երեք հանրային պաշտպանները կարող էին պաշտպանի իրավիճակ ձեռք բերել Վարդգեզ Գասպարիի համաձայնությունը ստանալու պահից միայն:
Այդ մասին բազմիցս և գրավոր և բանավոր պարզաբանվել է Վարդգես Գասպարիին: Վարդգեզ Գասպարին հրապարակավ սոցիալական ցանցերում անձնական վիրավորանքներ է հնչեցնել հանրային պաշտպաններ Մերի Ալավերդյանի և Անժելա Հոբոսյանի հասցեին` նրանց պատիվն ու արժանապատվությունը վիրավորող մեկնաբանություններ անելով: ՀՊԳ ղեկավարը գրավոր և բանավոր հորդորել է Վարդգեզ Գասպարիին զերծ մնալ հանրային պաշտպաններին վիրավորանքներ հասցնելուց: Սակայն Վարդգեզ Գասպարին շարունակել է հրապարակավ հանրային պաշտպաններին վիրավորանքներ հասցնել, ավելին՝ դատարանի միջանցքում և դատական նիստերի դահլիճում հրապարակավ վիրավորանքներ է հասցրել հանրային պաշտպաններ Լյուդվիգ Ավետիսյանին և Լիանա Գասպարյանին:
Հարգելի Վարդգեզ Գասպարիի,
Հանրային պաշտպաններ Մերի Ալավերդյանը, Լյուդվիգ Ավետիսյանը և Լիանա Գասպարյանը կատարել են իրենց մասնագիտական պարտականությունը և ներկայացել են դատարան օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով: Հանրային պաշտպանի գրասենյակը իրականացրել է մի քանի տասնյակ հազար քաղաքացիների պաշտպանություն քրեական գործերով, տասնյակ հազար քաղաքացիների իրավաբանական օգնություն է տրամադրել քաղաքացիական և վարչական գործերով: Ձեր իրավունքն է Ձեր ընտրած դատապաշտպանների միջոցով պաշտպանելու Ձեզ օրենքով սահմանված կարգով, օգտվեք Ձեր իրավունքից: Դուք հայտարարում եք, որ պայքարում եք անօրինականության և ապօրինությունների դեմ: Ուրեմն բարի եղեք հարգել այն ինստիտուտը և այն անձանց, ովքեր գերծանրաբեռնված ռեժիմով ՀՀ բազմահազար անվճարունակ քաղաքացիների շահերն են պաշտպանում և ներկայացնում: Եթե դուք պաշտպանում եք մարդու իրավունքները, ապա հարգեք դիմացինի արժանապատվությունը, մի վիրավորեք հանրային պաշտպաններին: Կրկին հորդորում ենք Ձեզ զերծ մնալ հանրային պաշտպաններին վիրավորանքներ հասցնելուց:
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյան»: