«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը մարտի 13-ին հայտնել էր, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ պատրաստվում է իշխանափոխության 3-րդ փուլը նախաձեռնել: Սէֆիլյանը հայտնել էր, որ ծրագիրն իրականացնելու նպատակով առաջիկայում ընդդիմադիր ուժերի հետ բանակցություններ են սկսվելու:
Նկատենք, որ արդեն երրորդ անգամ իշխանափոխություն ունենալու ցանկություն հայտնող քաղաքական ուժի հանդեպ ժողովրդի վստահությունն գնալով նվազում է, ինչի վառ ապացույցը նրանց կողմից իրականացվող ավելի ու ավելի սակավամարդ դարձող հանրահավաքներն են:
«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ` պարզելու, թե ովքե՞ր են պատրաստ բանակցություններ սկսել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հետ:
-Պարո՛ն Իսագուլյան, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանի երրորդ` իշխանափոխության գնալու կոչին միանալու եք:
-Միանշանակ ոչ, որովհետեւ ես գտնում եմ, որ ցանկացած պարագայում մենք իշխանափոխության պետք է գնանք բացառապես օրինական ճանապարհով` ընտրությունների միջոցով, Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում: Այլ ճանապարհները մեզ միշտ տանելու են դեպի փակուղի: Նրանք, ովքեր միավորման կոչ են անում, առաջին հերթին պետք է հետեւեն մի պարզ կանոնի. ցանկացած միավորման կոչ անողը նախ ինքը պետք է պատրաստ լինի միավորման եւ, ամենակարեւորը, որեւէ անձնական հարց կամ սեփական կարծիք չպարտադրի ուրիշին: Մենք պետք է ցույց տանք, որ իշխանությունը ուզուրպացված է: Հայտարարություններով մենք չենք կարող գնալ նման գործողությունների, այն էլ մեր երկրի եւ մեր այս իրավիճակի պայմաններում:
-Ըստ Ձեզ՝ նրանց կհաջողվի այս անգամ որեւէ արդյունքի հասնել:
-Բացառվում է: Դրա համար շատ լուրջ ուժեր են պետք: Ժողովրդին մոբիլիզացնելու համար հստակ միջոցներ են պետք, որոնք ընդդիմադիր դաշտում որեւէ ուժ չունի:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ