ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Արարատի մարզում

Վերահաս ցրտահարության վտանգի նախօրեին պտղատու եւ խաղողի այգիներ ունեցող գյուղացիներից յուրաքանչյուրն իր հողակտորը ցրտից պաշտպանում է տարբեր եղանակներով: Արարատի մարզի Սուրենավան համայնքի բնակիչ Լեւոն Նադարյանն իր այգիները պաշտպանում է յուրօրինակ եւ յուրահատուկ տարբերակով՝ աղոթքով, օրհնությամբ ու հավատով: Դալարի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը եւ Արարատ գյուղի հոգեւոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը Նադարյանի ծիրանի եւ խաղողի այգիներում կատարեցին օրհնության կարգ: Հոգեւորականները խնկարկեցին եւ օրհնեցին պտղատու այգիները՝ Աստծո օրհնությունը խնդրելով ծառերին, ծիլերին, սերմերին:

 

 

 

 

ՀԱՐՑ. Կինս մահացել է 3 տարի առաջ: Նա իր անունով բանկում ավանդ ուներ: Ես կամ ընտանիքիս անդամներից որեւէ մեկը իրավունք ունի՞ ստանալու իմ կնոջ անունով ավանդը:

Բոզոյան Մաքսիմ (78 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «ՀՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված է, որ 2016թ. շարունակվում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը:
Սահմանված է, որ փոխհատուցումը տրամադրվում է «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան՝ մինչեւ 1931թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված եւ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից եւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող, ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց ՀՀ կառավարության սահմանած կարգով:
Միաժամանակ հայտնում ենք, որ եթե ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձի ամուսինը մահացած է, եւ մահացած ամուսնու անունով ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա այն դիտարկելով ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն՝ ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց:
Քանի որ քաղաքացի Մաքսիմ Բոզոյանը 1938 թվականին ծնված անձ է, հետեւաբար ավանդների փոխհատուցման ծրագրում ընդգրկվել չի կարող:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2015 թվականին ավանդների փոխհատուցման վճարման ցուցակներում իրավունք ունեն հաշվառվել մինչեւ 1931թ. դեկտեմբերի 31-ը ծնված անձինք, որոնք պետք է հաշվառված լինեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում եւ ունենան «0»-ից բարձր միավոր, պաշտպանության մարտական գործողություններին մասնակից անձինք, ինչպես նաեւ սահմանամերձ բնակավայրերում բնակվող, մինչեւ 2014 թվականի օգոստոսի 1-ն այնտեղ հաշվառում ունեցող անձինք:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե 18 տարեկան օտարերկրացիները կարո՞ղ են մուտք գործել Հայաստան: Եվ ընդհանրապես ո՞ր դեպքում օտարերկրյա քաղաքացին իրավունք ունի մուտք գործել Հայաստան:

Լուսինա Հայրապետյան (28 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ օտարերկրյա քաղաքացին կարող է մուտք գործել Հայաստան վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հաստատող փաստաթղթի հիման վրա եւ սահմանային հսկողությունն իրականացնող մարմնի թույլտվության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով:
Մինչեւ 18 տարեկան օտարերկրացիները կարող են մուտք գործել Հայաստան իրենց ծնողների, ծնողներից որեւէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի կամ ուղեկցողի հետ միասին կամ միայնակ, եթե գալիս են Հայաստան իրենց ծնողների, ծնողներից որեւէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2013թ. 1-ին կիսամյակում ՀՀ-ում հաշվառման վերցված օտարերկրացիների թիվը կազմել է 2555, իսկ 2014թ.-ի նույն ժամանակահատվածում՝ 853 անձ:




Լրահոս