ՀԱՐՑ. Հայրս եւ մայրս ունեցել են ավանդ՝ յուրաքանչյուրը 50.000-ական ռուբլի: 1999թ. նրանք մահացել են: Որպես ժառանգորդ դիմեցի VTB բանկ, որտեղ ինձ ասացին, որ եթե ես ցանկանում եմ ստանալ իմ ծնողների ավանդը, ապա պետք է նոտարական հաստատումով ճանաչվեմ նրանց առաջնահերթ ժառանգորդ: Պատրաստեցի փաստաթղթերս եւ դիմեցի մեր տարածքային՝ Նոր Նորքի սոցիալական բաժանմունք, որտեղից էլ ինձ տեղեկացրին, որ ես իմ ծնողների մահից հետո պետք է դիմեի սոցապ բաժին եւ ընդգրկվեի «Փարոս» համակարգում: Եվ դա պատճառ դարձավ, որ ինձ մերժեն եւ չտրամադրեն իմ ծնողների թողած ավանդը: Խնդրում եմ պարզաբանել:
Սարգիս Մակարյան ( 74 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու եւ ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի N 352-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 460-Ն որոշմամբ հաստատված կարգի 22-րդ կետի՝ ավանդատուի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ՝ վճարմամբ, կամ ավանդատուի մահով:
Նույն կարգի 20-րդ կետի համաձայն՝ փոխհատուցում ստանալու ավանդատուի պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի, լինել գրավի առարկա, մտնել ժառանգության զանգվածի մեջ:
Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ նրա մահացած ծնողների անվամբ ներդրված ավանդի դիմաց տրվող փոխհատուցման գումարը ոչ ոք չի կարող ստանալ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սահմանված կատեգորիաներին համապատասխան անձինք կարող են դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային կենտրոն, հաշվառվել, այնտեղից ճշտել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (անհրաժեշտ փաստաթղթերը հիմնականում տեղեկանքն է ВТБ բանկից, դիմողի անձնագիրը, սոցիալական քարտը կամ հանրային ծառայության համարանիշը), ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը, հաշվառվել սոցիալական աջակցության համապատասխան տարածքային կենտրոնում, ստանալ իրենց հերթական համարը եւ սպասել իրենց հերթին:
ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Հարցերի պատասխանները կգտնեք մեր կայքում: