Մարտակերտ քաղաքում երեկ ուշ երեկոյան ադրբեջանական կողմից համեմատաբար դադարեցված հրետակոծությունը նոր ակտիվությամբ վերսկսվել է այսօր առավոտյան առավոտյան ժամը 09:00- ի սահմաններում և կարճ դադարներով մինչև այս պահը շարունակվում է:
Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը` հավելելով, որ քաղպաշտպանության պլանի համաձայն քաղաքի բնակչությունը պատսպարվել է ռմբապաստարաններում և հրետակոծության դադարների ժամանակ դուրս գալով զբաղվում է առօրյա խնդիրների լուծմամբ:
«Մարտակերտում բարձր աստիճանի պատրաստականության է բերված քաղպաշտպանության շտաբը: Բացի այդ ակտիվությամբ են գործում շրջկենտրոնի ենթակառուցվածքների գործունեությունը ապահովող ծառայությունները, որոնք թշնամու կողմից վնասված ենթակառուցվածքները փորձում են արագ վերականգնել»,-մանրամասնել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարը՝ հավելելով, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է և բնակչության շրջանում շարունակում է գերիշխել մարտական տրամադրությունը:
Վ. Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ այս պահի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում զոհեր և վիրավորներ չկան, սակայն թշնամու հրետակոծության հետևանքով շրջկենտրոնում վնասվել են առաձնատներ, ծառեր, ինչպես նաև քաղաքը սնուցող գազատար խողովակներ: