Ոսկու հանքավայրերում, լոնդոնյան անշարժ գույքում ունեցվածքը թաքցնելու համար Ալիևը գրանցվել է օֆշորում. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցումը» (ICIJ) հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի օֆշորները բացահայտող փաստաթղթեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, հետաքննող լրագրողները պարզել են, որ ոսկու հանքավայրերում, ինչպես նաև լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցվածքը թաքցնելու նպատակով Ալիևը գրանցվել է օֆշորում: Բացահայտումները հնարավոր են դարձել Mossack Fonseca փաստաբանական ընկերության գաղտնի փաստաթղթերով, որոնց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերությունը ակտիվների սեփականատերերին գաղտնի պահելու համար կեղծ ընկերություններ ու կորպորացիաներ է հիմնել:

Հայտնի է դարձել, որ Ալիևն ու նրա կինը` Մեհրիբանը 2003թ. գնել են բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Rosamund International Ltd ընկերությունը։ Գործարքը կնքելու ժամանակ Ալիևը, ով նշվել է որպես ընկերության տնօրեն ու համասեփականատեր, եղել է Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր, իսկ նույն տարվա հոկտեմբերին` արդեն երկրի նախագահ: Այսինքն, Ալիևը խախտել է պատգամավորներին ու նախագահին բիզնեսով զբաղվելն արգելող օրենքը։ Արդեն 2008 թվականին Ալիևի դուստրերը` այդ ժամանակ 19­-ամյա Արզուն և 23­-ամյա Լեյլան, ձեռք են բերել կրկին Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Arbor Investments, LaBelleza Holdings Limited և Harvard Management Limited ընկերությունները: Գործարքը կնքելու ժամանակ Ալիևը զբաղեցրել է Ադրբեջանի նախագահի պաշտոնը։ Համաձայն ICIJ­ի՝ Ադրբեջանի ղեկավարությունն ահռելի ջանքեր է գործադրել տվյալ ընկերությունների գոյության փաստը հանրության համար գաղտնի պահելու ուղղությամբ, ինչպես նաև դրանց միջոցով մեծ գումարներ է կուտակել:




Լրահոս