Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու ծխական խորհուրդը 10 հազար ԱՄՆ դոլար է ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին եկեղեցու ծխական խորհուրդից: «Ապրիլի 1-ից արցախյան հակամարտության գոտում վերսկսել են պատերազմական գործողությունները: Արցախի պաշտպանության բանակը ծանր վնասներ է հասցրել նախահարձակ Ադրբեջանական ուժերին, բայց, բնականաբար, ինքն էլ կրում է որոշակի կորուստներ: Սփյուռքի բոլոր համայնքներն ինքնակազմակերպվում են Արցախին աջակցություն ցուցաբերելու համար, և նյութաֆինանսական միջոցների ներհոսքը համակարգելու համար Արցախի կառավարությունը ստեղծել է հատուկ օպերատիվ շտաբ` Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Կոչ ենք անում ծխի բոլոր անդամներին իրենց հնարավորությունների սահմաններում ուղիղ դրամական փոխանցումներով իրենց աջակցությունը ցուցաբերել Արցախի ժողովրդին, բանակին և կառավարությանը: Մենք սահմանին կանգնած չենք, բայց մեր երկրի թիկունքին ենք»,-նշված է ծխական խորհրդի տարածած հայտարարությունում:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3 ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների:
Հայկական կողմը 32 կորուստ ունի, 25 զինծառայող անհայտ կորած է, 121 մարդ` վիրավոր: Հինգ մարդ էլ, այդ թվում` ՀՀ Սյունիքի մարզի գյուղական երկու համայնքի ղեկավար, զոհվել է ավտոբուսի ռմբահարումից` Մարտակերտի ճանապարհին: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 15ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով` զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում երկկողմ համաձայնությամբ դադարեցվել է կրակը: