«Հայ զինվորի» հաջորդ համարում ներկայացվելու է զինվորների սխրանքների մասին: Մինչ այդ Գայանե Պողոսյանը ներկայացնում է փոքր պատմություններ:
Մեկ էլ պայթուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական սապոգիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի- տեսա ական է: Ձեռքով փորելով էդ ականը հանեցի գլխիս տակից….Ազգային հերոս պաշտպանության նախարարի այցելությունը ինձ շատ ոգևորեց: Նախարարն ասաց՝ ծունկ ունես, ուրեմն՝ ոտք ունես: Մեր նախարարին խնդրեցի հնարավորություն տալ շարունակելու ծառայություն: Շատ շնորհակալ եմ, որ ընդառաջեց, խստացավ իմ ծննդավայր Նոյեմբերյան զորամասում ծառայությունս շարունակելու հնարավորություն տալ:
Դավիթ Գրիգորյան
զինվոր
Իմ ամուսինը մեր հարսանիքի օրը գնաց Արցախ՝ ռազմաճակատ: Հիմա զինվորական է, մայոր, սահման պահող զորամասում: Դավիթս զինվորականների հետ է մեծացել: Նրանց ոգով է դաստիարակվել: Դեռ չէր զորակոչվել, ասում էր՝ ես պիտի դիրք բարձրանամ, սահման պահեմ: Դե, Ձեր աչքերով եք տեսնում՝ որքան ամուր է, ուժեղ, տրամադրությունը բարձր: Ինձ ասում է՝ գնա մազերդ ներկի, որ ընկճված տեսք չունենաս: Իմ տղան է ինձ ուժ տալիս:
Արմենուհի Գրիգորյան
զինվոր Դավիթի մայրը
Զորամասում էինք: Սկսեցին կրակել: Մեզ որպես օգնական ուժ ուղարկեցին դիրքեր: Արկըը պայթեց կողքիս: Արդեն վիրահատվել եմ: Շատ լավ եմ: Շուտ ոտքի կանգենմ, գնամ հասնեմ տղերքին:
Նարեկ Վարդումյան
զինվոր
Հավանաբար, նռնակ պայթեց: Սկզբում չհասկացա, որ ոտքիս թաթը պոկվել է: Ցանկացա կանգնել, բայց ընկա:….50-60 մետր սողացի, որ մոտենամ մերոնց: Բլինդաժում արյուը դադարեցրին: Ասի՝ չեմ կարողանում կռվել, գոնե տվեք զենքերը լիցքավորեմ, որ արագ լինի: Ես զենքերը լիցքավորում էի, տալիս տղերքին, պոկված ոտնաթաթի մասին մտածելու ժամանակ չկար: Ինձ ամենիս շատ ցավ է պատճառում այն, որ ընկերներ կորցրի այդ մարտում….Թուրքը պատասխան է տալու իր արածի համար:
Արման Ավետիսյան
զինվոր
Ութ ամիս է մնացել ծառայությունս ավարտեմ, 11 հերթափոխ պոստի եմ կանգնել:Հակառակորդը միշտ էլ կրակել է. մեզ համար նորություն չէր: Մենք լավ դիմակայում էինք: Մեկ էլ թշնամու տանկերը մտան դիրք…Ես ձեռքից վիրավորվեցի: Մենք թուրքից չենք վախենում,ուզում է տանկով գա, ուզում է՝ տիեզերանավով: Միշտ էլ դրանց դաս ենք տվել ու տալու ենք:
Էրիկ Ալուխանյան
զինվոր
Եկել եմ շնորհակալություն ասելու մեր զինվորներին, որ խիզախությամբ պաշտպանել են Հայրենիքը ու հետ են շպրտել թշնամուն: Եկել եմ իմ օրինակով համոզելու, որ կարելի ապրել նաև մեկ ձեռքով, ապրել գլուխը բարձր, հպարտ, սիրով շրջապատված…Ու երջանիկ լինել, այն մտքից, որ Հայրեիքիդ խաղաղությունը նաև քո արյունով է գնվել…
Սարգիս Ստեփանյան
մայոր
Ես այս հիվանդասենյակում էի պառկած, երբ Արցախյան պատերազմի ժամանակ կորցրի ոտքս: Ինձ թվում էր՝ կյանքն ավարտվել է. ընդամենը 19 տարեկան էի: Ու Շառլ Ազնավուրը հենց այս հիվանդասենյակում ինձ այցի եկավ…ու այնպիսի հույս ու ոգի ներշնչեց իր խոսքերով, այնպես գոտեպնդեց, որ ասես կյանք վերադարձրեց ինձ…Հիմա ես եմ մեր հերոս զինվորների կողքին:
Արտյոմ Պողոսյան
ազատամարտիկ
Տղաս արիաբար պաշտպանել է Հայենիքը: Ես հպարտ եմ, որ նաև իմ որդու շնորհիվ թշնամուն ուղարկեցինք իր որջը:Ես զինվորի մայր եմ, իսկ դա քաջ, ամուր, ուժեղ լինելու պարտավորություն է առաջին հերթին: Երկրի նախագահը, պաշտպանության նախարարը ասացին, որ իրենք միշտ մեր կողքին կլինեն:
Քնարիկ Ավետիսյան
զինվորի մայր
Լուսանկարները՝ Արեգ Վարդանյանի