Հայտնի են հայկական կողմին վերադարձված երեք զոհված հերոսների անունները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմն ուներ 19 անհետ կորած, որից հայկական կողմին են հանձնվել 18-ի մարմինները, իսկ մեկ զինծառայողի ճակատագիրն անհայտ է մնում:

Այսօր ԼՂՀ ՊՆ-ն հրապարակելու է 18 զոհված զինծառայողների տվյալները, սակայն մինչ այդ արդեն իսկ հայտնի են նրանցից մի քանիսի անունները:

Կոտայքի մարզի Կամարիս գյուղից զորակոչված Ազատ Սիմոնյանի անհետացման մասին ընտանիքի անդամներն օրեր առաջ էին բարձրաձայնել: Նա երեկ Ադրբեջանի կողմից փոխանցված 18 հայ զոհված զինծառայողների թվում է եղել: Նշված տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց նաև Կամարիսի գյուղապետ Զարզանդ Եգորյանը:

Ազատ Սիմոնյան
Ազատ Սիմոնյան

Զոհված նահատակների թվում է նաև Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի բնակիչ Արման Անդրեասյանը: Մեծ Մանթաշի գյուղապետ Ստյոպա Չոբյանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Արմանն անհետ կորել էր ռազմական գործողությունների սրացման առաջին օրը: Չոբանյանը տեղեկացրեց, որ Արմանն ապրում էր ծնողների և եղբայրների հետ. նա ընտանիքի ամենափոքր երեխան էր:

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ Բորիզ Օզմանյանը ևս 18 անձանց թվում է: Նրա դին վաղն են բերելու գյուղ: Նշված տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին նաև գյուղապետարանից:

ArmLur.am-ը կշարունակի ներկայացնել նահատակված հերոսների տվյալները:




Լրահոս