«Երեք ամիս էնքան կարկուտի մասին խոսեցինք, էս ժողովրդի մեջ միայն նեգատիվ բան ա մտել: Մի քիչ էլ լավի մասին խոսենք, էլի՛: Կարկուտը անցավ, կարկուտի հետեւանքները վերացան, հիմա մարդիկ աշխատում են»:
Կարկուտն անցավ, բայց ի՞նչ է նշանակում՝ վերացան հետեւանքները: Չէ՞ որ այդ կարկուտը գյուղացիներին 25 մլրդ դրամի վնաս է տվել, իսկ կառավարության կողմից փոխհատուցվել է չնչին մասը: Հազիվ 237 մլն դրամ էլ հավաքվեց այդ առիթով բացված հիմնադրամում: Բա մնացածը ե՞րբ ու ինչպե՞ս պիտի փոխհատուցվի: Եվ այս պայմաններում ինչպե՞ս կարելի է ձերբազատվել նեգատիվից եւ խոսել լավի մասին: Գյուղացիներն իրենց տարրական խնդիրները չեն կարողանում լուծել: Իհարկե, գործարար-պաշտոնյային հեշտ է խոսելը, քանի որ հանապազօրյա հացի խնդիր չունի, իսկ մյուս բոլորը նրա աչքին նեգատիվ «վհուկներ» են: