Ինչո՞ւ Քոչարյանի տան վրա նռնակի նետումը հաջորդեց Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպմանը. իշխանություն-ընդդիմություն ջրբաժանը ղարաբաղյան կարգավորումը կլինի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի վրա գտնվող առանձնատան վրա նռնակ է նետվել: Այդ մասին ժամը 18.00-ին ահազանգ ստացած ոստիկանության աշխատակիցները, շտապելով դեպքի վայր, պայթյունի լուրջ հետեւանքներ չեն արձանագրել: Մոսկվայից միջադեպին արձագանքած Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանն էլ կատարվածը որակել է որպես «ուռճացված աղմուկ, անհեթեթ միջադեպ»: Արդյոք միջադեպն այդքան անհեթեթ է եւ ուռճացված: Քոչարյանի տան վրա նռնակի նետումը գուցե այդքան աղմուկ չառաջացներ, եթե դա տեղի ունենար մի քանի ամիս առաջ, օրինակ` անցած տարվա նոյեմբերի սկզբին: Իսկ նոյեմբերի վերջին՝ Նոր Նորքում զինված հանցախմբի վնասազերծումից եւ նրանց կողմից Ս. Սարգսյանի ինքնաթիը պայթեցնելու մասին խոսակցություններից հետո, Քոչարյանի տան վրա այս հարձակումը այլ երանգ է ստանում:

Երեկվա միջադեպը հատկապես ուշագրավ է դառնում Սերժ Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան հանդիպումից եւ դրան հետեւած հայտարարություններից հետո: Փաստորեն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում կոշտ որակումներ հնչեցնելով Քոչարյանի հասցեին եւ Ղարաբաղի բանակցային գործընթացում առկա ձախողումների մեղքը ամբողջովին նրա վրա բարդելով` Սերժ Սարգսյանին այդ հարցում պատասխանատվությունից դուրս դրեց՝ այդպիսով նաեւ ի սկզբանե փորձելով տորպեդահարել Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հանդիպման հնարավորությունը: Իսկ Քոչարյանի եւ նոր կուսակցության շինարարությամբ զբաղված Վարդան Օսկանյանի հրապարակային հայտարարություններից հետո էլ ակնհայտ դարձավ, որ առաջիկայում Հայաստանում իշխանություն-ընդդիմություն ջրբաժանը լինելու է ղարաբաղյան կարգավորումը:

Այս ամենից հետո երեկվա միջադեպը բազում հարցերի տեղիք է տալիս: Նախ ում էր պետք նռնակ նետել Քոչարյանի տան վրա այն դեպքում, երբ հայտնի էր, որ նա գտնվում է Մոսկվայում: Բացի այդ՝ ինչու պետք է «ահաբեկիչը» Քոչարյանի տան վրա նետեր Սերժ Սարգսյանի ասած` «80-ականների» արտադրության մի նռնակ, որը որեւէ լուրջ վնաս չէր կարող հասցնել: Այս ամենն ակնհայտորեն ցույց է տալիս, որ հանցագործի եւ նրա պատվիրատուների նպատակը եղել է ոչ թե իսկապես վնաս հասցնելը, այլ հենց աղմուկ բարձրացնելն ու երկրի ներսում իրավիճակի ապակայունացումը:

Բացառել, որ դա կարող էր ձեռնտու լինել դրսի ուժերին, իհարկե, չի կարելի, հատկապես ներկայիս գերլարված փուլում: Թեպետ նման տարբերակի դիտարկումն էլ իր հերթին բազմաթիվ հարցեր է առաջ բերում` ուղղված երկրի ԱԱԾ-ին: Սակայն այս պահին, թերեւս առավել հավանական կարելի է համարել ներքին պատվիրատուի տարբերակը, որի բացահայտումն, ի դեպ, շատ ավելի բարդ խնդիր կարող է լինել` հաշվի առնելով կատարվածից պղտորված քաղաքական ջրերում ձուկ որսալու ցանկություն ունեցողների առատությունը՝ սկսած ներկայիս նոմինալ ընդդիմությունից, ավարտած նոմինալ իշխանությամբ, այդ թվում` նախկին, համարվող ձկնորսներով:




Լրահոս