Հարց քաղաքացիներից` եթե մեքենան հանձնվել է ճանապարհային ոստիկանությանը, ապա գույքահարկն ի՞նչ կարգով է հարկվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթին դիմած ընթերցողներին հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք դիմել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ զանգահարելով (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներին: Կարող եք Ձեր հարցերն ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected]  հասցեին:

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե մեքենան հանձնվել է ճանապարհային ոստիկանությանը, ապա գույքահարկն ի՞նչ կարգով է հարկվում: Այսինքն՝ վճարվո՞ւմ է լրիվ, թե՞ մասնակի:
Զավեն Մինասյան (43 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Զ. Մինասյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Մեքենան ճանապարհային ոստիկանությանը հանձնելու» հասկացություն կամ ընթացակարգ ճանապարհային ոստիկանության գործունեությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված չէ:
Եթե խոսքը է հաշվառման համարանիշերը եւ հաշվառման վկայագիրը ճանապարհային ոստիկանություն հանձնելու եւ տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու մասին է, ապա տվյալ դեպքում սեփականատերը չի ազատվում «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գույքահարկի վճարման պարտականությունից:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ երեք տարուց ավել վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը:




Լրահոս