Ապրիլի 17-ին Հրազդան քաղաքում քաղաքապետի ընտրություններն այդքան էլ հարթ չանցան. լեզվակռիվ, վիճաբանություն, միմյանց հասցեին կոպիտ արտահայտություններ: Armlur.am-ը անդրադարձել էր Կոճոռ թաղամասում տեղակայված 25/01 ընտրատեղամասում տիրող իրավիճակին, թե ինչպես է հանձնաժողովի նախագահ Լյովա Օհանյանը վիճաբանում Սասուն Միքայելյանի, ինչպես նաեւ Արթուր Միսակյանի վստահված անձանց հետ: Լյովա Օհանյանը Արթուր Միսակյանի վստահված անձ Միլենային անգամ սպառնաց «բոքսով» հարվածել: Իսկ հանձնաժողովի նախագահի քարտուղար Անուշ Աֆրիկյանը ամեն կերպ արդարացնում էր հանձնաժողովի նախագահի քայլերը՝ լրագրողներին հորդորելով չմիջամտել գործընթացին: Եթե Կոճոռ համայնքի վերոնշյալ ընտրատեղամասում գրեթե մեծ մասը Արամ Դանիելյանի թիմակիցներն էին եւ ՀՀԿ-ականներ, ապա հանձնաժողովի քարտուղար Անուշ Աֆրիկյանի դեպքում ամեն ինչ այլ էր:
Իսկ ո՞վ էր տիկին Անուշը: Armlur.am-ը գրել էր, որ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը Երեւանից, Արտաշատից եւ Աբովյանից մարդիկ է բերում Հրազդան: Նրանք գալիս են մարզպետարան, այնտեղ հրահանգներ ստանում, որից հետո ցրվում ընտրատարծքներով: Նրանց թվում կային նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախկին եւ ներկա անդամներ:
Պարզեցինք, որ Անուշ Աֆրիկյանը եւս հայտնի ԲՀԿ-ական է եւ աշխատում է Աբովյան քաղաքի 5-րդ թաղամասում որպես համատիրության նախագահ: Վերջինս առաջին անգամ չէ, որ մասնակցում է ընտրություններին: Անուշ Աֆրիկյանին ԲՀԿ-ում ճանաչում են որպես հայտնի ընտրակեղծարար, որը մշտապես հայտնվել է աղմկալի իրավիճակներում:
Տեղեկացանք, որ 2015 թվականին Աբովյանի քաղաքապետի ընտրություններին Անուշ Աֆրիկյանը նշանակված է եղել 28/8 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ: Արդյունքում, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հաղորդագրություն էր տարածել, որ 28/8 ընտրատեղամասում վստահված անձը նստել է հանձնաժողովի նախագահ Անուշ Աֆրիկյանի կողքին, ընտրացուցակներում քաղաքացիների անուններն ու անձնագրի համարներն է փնտրել: Բացի այդ՝ ԲՀԿ-ական Անուշ Աֆրիկյանը խոչընդոտել է իրենց պարտականություններն իրականացնող լրագրողների աշխատանքը: Այսպիսով՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան իր աներոջ թիմին բերել էր Հրազդան ու իրականացնում էր ընտրակեղծիքների մի ողջ շղթա:
Լուսանկարներում Անուշ Աֆրիկյանը զրուցում է Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի հետ:
Քնար Մանուկյան