Դուք, պարո՛ն Սարգսյան, և Ձեր թիմակիցները նույնքա՞ն լավ եք կատարել ձեր պարտականությունները, ինչպես հայ զինվորը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Արցախում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ Արցախի ՊԲ զորամասերից մեկում պարգեւատրելով պատերազմական գործողություններում արիություն ցուցաբերած զինվորներին` ասել է. «Դուք հերթական անգամ ցույց տվեցիք բոլորին, թե ով է հայ զինվորը, ով է Հայրենիքի զինվորը: Երբ անհրաժեշտ է կռվել, դուք դառնում եք ամենակարգապահ, ամենահնարամիտ եւ ամենամարտունակ զինվորը: Ինչպես չհպարտանաս այն զինվորով, ով, կրակելով մինչեւ վերջին փամփուշտը եւ լինելով վիրավոր, նռնակ է պայթեցնում, որպեսզի իր հետ տանի նաեւ հակառակորդի զինվորներին:  Ինչպես հնարամիտ չանվանես այն զինվորին, ով նռնականետից կրակում եւ ոչնչացնում է ուղղաթիռ: Ինչպես չհպարտանաս այն զինվորով, ով մարտի ընթացքում շարքից հանում է հակառակորդի հինգ զրահամեքենա: Դուք լավ եք կատարել եւ լավ եք կատարում ձեր պարտականությունները»:

Իհարկե, մենք բոլորս ազգովի հպարտանում ենք մեր հերոսների գործած սխրանքներով, սակայն երկրի նախագահի խոսքը լսելիս դժվար է չտալ հետեւյալ հարցը. իսկ արդյոք Դուք, պարո՛ն Սարգսյան, եւ Ձեր թիմակիցները նույնքան լավ եք կատարել ձեր պարտականությունները:

Այս օրերին զոհված մեր հերոսների գերակշիռ մասը սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ընտանիքներից են: Այդ ինչու եւ ինչպես է ստացվել, որ առաջնագծում հայտնվել են գերազանցապես սոցիալապես անապահով ընտանիքների զավակները: Այս ցավոտ հարցին նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խիստ ուշագրավ պատասխան է տվել: Նա նշել է, որ հիմնականում միջին եւ ապահով ընտանիքների զավակները բարձրագույն կրթություն են ստանում եւ հետագայում համալրում սերժանտական կազմը:

Մեր իշխանությունները սիրում են կրկնել, որ մենք քանակական առումով զիջելով մեր հակառակորդին՝ նրանից ուժեղ ենք մեր ոգով եւ մեր մտքով: Ոգու հարցում, որքան էլ անցած տարիներին այս իշխանության գործունեության արդյունքում հուսալքության գաղջ մթնոլորտ ձեւավորվեց, այնուամենայնիվ, մենք տեսանք, որ ունենք պանծալի զավակներ, որոնք իրենց հայրենիքը սիրում են ամեն ինչից առավել եւ ունեն այն մինչեւ վերջ պաշտպանելու անկոտրում ոգի: Բայց դրան զուգահեռ անցած տարիներին «գիտելիքահեն» հասարակություն կառուցող այս իշխանությունները, փաստորեն, որեւէ քայլ չեն արել, որպեսզի մեր երիտասարդների մտքի ուժը օգտագործվի:

Ոչ միայն ՏՏ ոլորտում հայ մասնագետների առաջարկներն են տարբեր կուռուպցիայահոտ պատճառաբանություններով մերժվել մեր պաշտպանական գերատեսչության կողմից, այլեւ, փաստորեն, մենք համակերպվել ենք այն իրողության հետ, որ բարձրագույն կրթություն պետք է ստանան միայն սոցիալապես ապահով ընտանիքների երեխաները: Սա միանշանակ ցանկացած երկրի, առավել եւս Հայաստանի, դեպի պարտություն տանող ճանապարհ է, եւ այդ մասին պետք է լրջորեն մտածել, քանի դեռ ուշ չէ:

 




Լրահոս