Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, թե այս տարի եւս Հայաստանում տնտեսական աճ է գրանցվել: Նա նույնիսկ նշել էր, թե կառավարության հաջորդ նիստում մտադիր է անդրադառնալ այդ աճին. “Պետք է պարզել նաեւ այն ոլորտները, որտեղ ունենք բավականին բարձր աճի տեմպեր, եւ այն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի այդ աճի տեմպերը լինեն կայուն”:
Սակայն երեկվա նիստի ժամանակ աճի տեմպերի մասին թվային որեւէ տվյալ որեւէ գերատեսչության կողմից չհրապարակվեց: Փոխարենը վարչապետը գոհունակություն հայտնեց գնումների ոլորտի կարգավորման գործընթացից եւ ներողություն խնդրեց թոշակառուներից թոշակն ուշացնելու համար:
Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Տիգրան Սարգսյանի կողմից բարձրացված տնտեսական աճն իրականում թվաբանական մանիպուլյացիաների հետեւանք է, եւ որ այդ ամենը որեւէ կապ չունի իրականության հետ: Համենայնդեպս, ՀՀ քաղաքացիների կյանքը, անկախ վարչապետի ազդարարած տնտեսական աճից, որեւէ դրական փոփոխության չի ենթարկվել, եթե չասենք ընդհակառակը՝ կյանքը գնալով վատանում է:
Արդյունաբերության մեջ գրանցված աճը հիմնականում վերաբերում է հանքահումքային արդյունաբերությանը: Այստեղ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ գրանցվել է 16,5 տոկոս աճ, ինչը գերազանցել է մյուս բոլոր ոլորտները: Ընդհանրապես, այս ոլորտը եղել է տնտեսական, արդյունաբերական աճի “հիմնասյունը”, քանի որ սրա միջոցով է հնարավոր եղել թվերը նկարել: Հանքարդյունաբերության ոլորտը՝ որպես ամենաշահավետը, պատկանում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Ընդ որում, ինչպես պնդում են “Ժողովուրդ”-ի աղբյուրները, այսօր, առանց Ս. Սարգսյանի անձնական թույլատրության, անհնար է ՀՀ-ից արտահանել անգամ մեկ կիլոգրամ սեւ մետաղ կամ հանքանյութ: Այնպես որ, այս ոլորտում աճն իրականում հոսում է հենց իշխանությունների գրպանը:
Փոխարենը Հայաստանում չնչին տոկոս է կազմում գյուղատնտեսության ոլորտում աճը: Նախորդ տարվա համեմատ՝ համախառն արտադրանքի աճը կազմել է 2,1 տոկոս: Իսկ, օրինակ, շինարարության ոլորտում, ընդհակառակը, ցուցանիշները բացասական են. այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում շինարարության ծավալները կրճատվել են 9,4 տոկոսով:
Եվս մեկ ուշագրավ հանգամանք. երկրի ներսում առեւտրաշրջանառությունն այս ընթացքում, ըստ էության, չի փոխվել. ըստ ԱՎԾ ցուցանիշների՝ առեւտրաշրջանառության ոլորտում գրանցվել է 3,5 տոկոս աճ: Բայց այդ տվյալները ներկայացված են դրամով: Ու եթե նկատի ունենանք այս ընթացքում դրամ-դոլար հարաբերակցությունը, դոլարի արժեզրկումը (քանի որ նման հաշվարկներն արվում են դոլարով), ապա այդ աճը կա՛մ չկա, կա՛մ չնչին է: Սրան զուգահեռ, ըստ էության, նվազել են սպառման ծավալները: Իսկ բնակչությունը գնալով ավելի քիչ է ապրանք սպառում հիմնականում արտագաղթի հետեւանքով. այլ կերպ ասած՝ նվազում են պոտենցիալ սպառողները, նվազում է սպառումը: Միաժամանակ, ինչպես հայտնի է, այս տարի նվազել են փոքր խանութները. նախորդ տարվա համեմատ՝ դրանց թիվը պակասել է 1143-ով: Ու սա այն դեպքում, երբ իշխանությունները վարչապետի գլխավորությամբ մշտապես հայտարարում են փոքր ու միջին բիզնեսին աջակցելու մասին: Մինչդեռ, ընդհակառակը, փոքր բիզնեսը գնալով նվազում է:
Հայաստանում վերջին տարիներին գնալով նվազում են նաեւ աշխատանքային ռեսուրսներն ու տնտեսապես ակտիվ բնակչությունը: Ընդ որում, նվազել է ե՛ւ զբաղվածների, ե՛ւ գործազուրկների թիվը: Սա, իհարկե, տարօրինակ երեւույթ է, որովհետեւ անհնար է՝ պակասեն ե՛ւ գործազուրկները, ե՛ւ աշխատանք ունեցողները: Նվազել է նաեւ տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը: Սրա տրամաբանական բացատրությունը, թերեւս, արտագաղթի աննախադեպ չափերն են: Ընդ որում, Հայաստանից արտագաղթում են ոչ միայն աշխատանք չունեցողները, այլեւ ունեցողները:
Արտագաղթի թեմային, սակայն, “Ժողովուրդ”-ն ավելի հանգամանալից պատրաստվում է անդրադառնալ առանձին հրապարակմամբ:
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 595 համար