Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները շարունակում են խոչընդոտել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների շարունակմանը։
Երկուշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին և Պակիստանի արտգործնախարար Մուհամմադ Իսհաք Դարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները և այն հրադադարի պայմանավորվածությունը, որը դադարեցրել է ԱՄՆ-Իսրայել պատերազմը Իրանի դեմ։
Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Պակիստանին՝ հրադադարի բանակցություններում միջնորդական ջանքերի համար։
Միաժամանակ, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի շարունակական խախտումները, մասնավորապես՝ իրանական առևտրային նավերի նկատմամբ սպառնալիքներն ու միջամտությունները, ինչպես նաև հակասական հայտարարություններն ու սպառնալիքներով հռետորաբանությունը, լուրջ խոչընդոտ են դիվանագիտական գործընթացի առաջխաղացման համար։
Արաղչին նշել է, որ Իրանը հետագա քայլերի վերաբերյալ որոշում կընդունի՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները։
Զրույցի ընթացքում կողմերը նաև կարևորել են շարունակական խորհրդակցությունները՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու նպատակով։
Անի Վարդանյան
























































































