«Հայաստան Արցախ» հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին մարդասիրական օգնության ճանապարհով Հայաստանի Հանրապետության և Արցախի առողջապահական համակարգերին դեղերով և բժշկական պարագաներով ապահովելու գործընթացի կանոնակարգմանը վերաբերող հարցեր։
Հարութ ՍասունյանըՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ներկայացրեց, որ ղարաբաղաադրբեջանական քառօրյա պատերազմի ընթացքում իրենց կազմակերպությունը մարդասիրական օգնության մեծաթիվ առաջարկներ է ստացել։ Մասնավորապես, մեծածավալ օգնություն են տրամադրել հիմնադրամի վաղեմի գործընկերներից ամերիկյան CMMB (Catholic Medical Mission Board), ինչպես նաև AmeriCares և DirectRelief Inernational կազմակերպությունները։
Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նախարարության և Միացյալ հայկական հիմնադրամի հետագա համատեղ աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ։ «Հայաստան Արցախ» հիմնադրամի նախագահը շեշտեց, որ վերջին շրջանում նախարարության հետ համագործակցությունը առավել արդյունավետ և նպատակայինէ դարձել։
Արմեն Մուրադյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով ստեղծված վիճակում առաջին իսկ օրից ՀՀ առողջապահության նախարարության համակարգված աշխատանքները` վիրավորներին բժշկական օգնությություն արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով։
Ի դեպ, CMMB կազմակերպության ներկայացուցիչներն այս օրերին Հայաստանում են։ Նրանք կծանոթանան Հայաստանի առողջապահական համակարգի վերջին զարգացումներին, նոր մարտահրավերներին, ինչպես նաև կհստակեցնեն իրենց կողմից տրամադրվող օգնության հետագա ուղղվածությունը: