“Սեպտեմբերի 13-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման վերջնաժամկետը։ Հովսեփյանն արդեն տևական ժամանակ է, պատրաստվում է իր հեռացմանը. պաշտոնազրկությունից հետո ավելորդ խնդիրներ չունենալու համար։
ՀՀ գործող օրենսդրության համաձայն, Սերժ Սարգսյանն իհարկե կարող է երկրորդ անգամ Հովսեփյանին առաջադրել նույն պաշտոնում, իշխանական շրջանակներում, սակայն, տևական ժամանակ է, ՀՀ գլխավոր դատախազի բոլորովին այլ թեկնածուների անուններ են շրջանառվում և Գառնիկիչի վերընտրությունը գոնե այս պահին գրեթե անհնար է գնահատվում։ Բայց պաշտոնապես երկրի գլխավոր դատախազի անունը հայտնի կդառնա միայն սեպտեմբերի վերջին, երբ Սերժ Սարգսյանն ԱԺ-ին կներկայացնի նրա անունը։
Այս պահի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազի ամենահավանական թեկնածուին իշխանական շրջանակներում համարում են ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանին։ Երբ 2011 թվականի հունվարին Սերժ Սարգսյանի օգնական Գևորգ Կոստանյանը Սարգսյանի հրամանագրով նշանակվեց ՀՀ զինդատախազ և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, դատախազության ներսում սույն նշանակումը ընկալում էին որպես ապագա ՀՀ գլխավոր դատախազի գործուղում՝ իրենց մոտ։ Այս ընթացքում Կոստանյանի և Հովսեփյանի հարաբերությունները բավական լարված են եղել, քանի որ Կոստանյանը փորձել է սահուն կերպով դատախազության ողջ համակարգը մտցնել իր ազդեցության տակ, ինչը, բնականաբար, դուր չէր գալիս Աղվան Հովսեփյանին։ Վերջինիս, սակայն, չի հաջողվել լուրջ դիմադրություն ցույց տալ Կոստանյանին։ Իսկ Կոստանյանը որպես գլխավոր դատախազ, ինչպես նշում են իշխանական շրջանակներում, ձեռնտու է Սերժ Սարգսյանին, քանի որ նա չի կարող լուրջ խաղացող դառնալ”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: