Պատգամավորից գումար շորթելու դեպքով քրեական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ:

Մայիսի 3-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական պայմանավորվածության, շորթման առարկա հանդիսացող 300.000 դրամ գումարը վերցնելուց հետո փաստով կայքի տնօրենի օգնական, ինքը և մամուլի ակումբի ղեկավարը բռնվել և բերման են ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ: Հայտնաբերվել և բերման է ենթարկվել նաև կայքի տնօրենը: Նրանք ձերբակալված են:

ArmLur.am-ի հարցին ի պատասխան` ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված շորթումը), ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի գործողություններ դեպքի հանգամանանքները պարզելու համար:

Լրատվականի ներկայացուցիչներն, այսպիսով, ձերբակալվածի կարգավիճակ ունեն: Մեր հարցին կալանքի միջնորդություն ներկայացվելու է, թե ոչ` Սոնա Տռուզյանը պատասխանեց, որ օրենքով սահմանված ժամկետներում համապատասխան գործողությունները կկատարվեն: Միջնորդության ներկայացման դեպքում պաշտոնապես կիրազեկեն. այս պահին լրատվամիջոցի ներկայացուցիչները ձերբակալվածի կարգավիճակ ունեն:




Լրահոս