Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց ՀԱԿ 4 ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Արտակ Կարապետյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով դատավարությունը: Դատարանը մերժեց պաշտպանական կողմի հերթական միջնորդությունը՝ վկայություն տալու համար դատարան հրավիրել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Պաշտպանական կողմը պնդում էր, որ Ա. Սարգսյանը դատաքննության ամենակարեւոր վկան կարող է լինել:
Եվ այսպես, դատարանի դահլիճը լեփ-լեցուն էր, եւ ներկաները ոչ մի կերպ չէին թաքցնում դատարանի նկատմամբ իրենց զայրույթը, առավել եւս, որ Տ. Առաքելյանն արդեն ավելի քան երկու տարի է` գտնվում է քաղբանտարկյալի կարգավիճակում, եւ նույնը սպառնում է մյուս երեքին:
Նախորդ նիստի ժամանակ փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդել էր որպես վկաներ դատարան հրավիրել Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին եւ Նշան Մադաթյանին: Դատարանը բավարարել էր փաստաբանի միջնորդությունը:
Դատարանում վկայություն տված, այս գործով մեղադրյալ Արեգ Գեւորգյանը 2011թ. օգոստոսի 9-ին՝ դեպքի օրը, եւս ձերբակալվել է: Նա ասաց, որ ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանները բռնություն գործադրում ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ: Ըստ նրա` մեկուսարանում Տ. Առաքելյանին է մոտեցել ոստիկաններից մեկը եւ իր քթից հոսող արյունը սրբել Տիգրանի վերնաշապիկով. «Հասկանալի է, որ նա այդ արեց՝ պատրանք ստեղծելու համար, թե իբր իր քթի վնասվածքը Տիգրանն է հասցրել»:
Ըստ Ա. Գեւորգյանի՝ այս ամենը քաղաքական հաշվեհարդար է իշխանությունների կողմից, եւ որ հրահանգ կար՝ հենց այս չորս երիտասարդներին ներգրավել որպես մեղադրյալ:
Ավելի ուշ պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարանում հրապարակվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի՝ դեպքից երկու օր անց տված մամուլի ասուլիսի սղագրությունը: Դրանից հետո դատարանը որոշեց չհրապարակել նույն ասուլիսի տեսաձայնագրությունը եւ անցավ խորհրդակցական սենյակ՝ քննելու եւ մերժելու նախկին ոստիկանապետին դատարան հրավիրելու մասին միջնորդությունը: Վկաներից Սահակ Մուրադյանը, ում եւս ձերբակալել էին այդ դեպքի ժամանակ, պատմեց, որ ոստիկանությունում իրենց երկար ժամանակ զրկել են փաստաբան ունենալու հնարավորությունից. «Հետո մեզ տեղափոխել էին մի սենյակ, ապա մեզ փաստաբանից առանձնացրին: Հետո Արտակ Կարապետյանին գողացան: Այնուհետեւ մի սենյակից գոռոցներ էին գալիս, մոտեցանք, դուռը բացեցինք, տեսանք, որ քրեականի աշխատող Կարենը, ազգանունը չեմ հիշում, Արտակին գցել է գետնին, հարվածում է, միջամտեցինք»:
Հ.Գ. Երեկվա դատական նիստին ներկա է եղել նաեւ հայտնի դերասան Հովհաննես Ազոյանը, որը դատական նիստի ընդմիջմանը «Իլուր»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ, իր կարծիքով, Հայաստանում չպետք է լինեն քաղաքական հայացքների համար հալածվողներ, եւ որ արդեն ժամանակն է փակել քաղհալածյալների էջը:
ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՉԵՆ ԿԱՆՉԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ