ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի հայ երիտասարդ արտիստներ միավորվել են մեկ նախաձեռնության շուրջ. նրանք մայիսի 9-ին հանդես կգան բարեգործական համերգով` նվիրված հաղթանակած հայ զինվորին: Սոնա Ռուբենյանի, Հայկ Պետրոսյանի, Սեւակ Ամրոյանի, Նարինե Դովլաթյանի եւ The Beautified Project-ի մասնակցությամբ համերգի ընթացքում կհնչեն թեմատիկ, հայրենասիրական սիրված երգեր՝ նոր մատուցմամբ եւ կենդանի նվագակցությամբ: Ստացված ողջ հասույթը կտրամադրվի Արցախի քառօրյա պատերազմում ծանր վիրավորված ժամկետային զինծառայող 19-ամյա Ռուբեն Առաքելյանին:

Սոնա Ռուբենյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ամեն մեկն իր չափով պետք է օգնի հայ զինվորին. «Արվեստի մարդիկ նման նախաձեռնություններում մեծ դեր ունեն: Եթե մենք ապրում ենք այս երկրում, ապա ամեն զինվորի ցավ նաեւ մեր ցավն է: Չեմ կարող բացատրել, թե վերջին քառօրյա պատերազմի օրերին ինչ զգացողություններ ապրեցի… Ես հասկացա ավագ սերնդի ներկայացուցիչներին, որոնք ամեն առիթով մեզ խաղաղություն են մաղթում: Նախկինում երիտասարդներս այդ ամենը չէինք ընկալում: Երբ հայրս պատմում էր ինձ, որ իր բակի տղերքը գնացին պատերազմ ու չեկան, ես չէի գիտակցում, թե դա ինչ բան է, բայց երբ իմ սերնդակից տղաները զոհվեցին, նոր հասկացա խաղաղության համը եւ սկսեցի արժեւորել այն: Կամ երբ մայրս պատմում էր, թե ինչ դժվար է եղել 1993-ին, երբ ես ծնվել եմ, ես պարզապես լսում էի նրան, իսկ հիմա արդեն սկսեցի գնահատել այն, ինչ այսօր ունեմ»,- նշեց նա:
Երգչուհին նաեւ պատմեց, որ ինքը երկար ժամանակ պլանավորում էր տեսահոլովակ նկարահանել իր «Մայրիկ» երգի հիման վրա, եւ երբ վերջապես ձեռնամուխ էր եղել այդ գործընթացին, սկսվել էր քառօրյա պատերազմն ու խախտել բոլոր պլանները. «Նախապես վճռված էր, թե ինչ տեսահոլովակ պետք է ստանայինք, ապրիլի 1-ին էլ նշանակված էր նկարահանման առաջին օրը: Սակայն վերջին իրադարձությունները ստիպեցին մեզ մտափոխվել. չէ՞ որ դու այլեւս չես կարող ապրել այնպես, ինչպես ապրում էիր նախկինում: Այդպիսով` որոշեցինք տեսահոլովակը նվիրել մեր զոհված զինվորների մայրերին: Մենք նկարահանեցինք 1990-ականներից մինչեւ 2014 թվականը զոհված 13 հայ զինվորների մայրերի»,- մանրամասնեց նա:
Երգիչ Սեւակ Ամրոյանն էլ մեզ հետ զրույցում շեշտեց, որ բազմաթիվ են այն զինվորները, որոնց հարկավոր է օգնել, ուստի, հնարավոր է, համերգային այս ծրագիրը շարունակական բնույթ կրի: Նրա խոսքով` իրենք չեն պատրաստվում «լալկան» երգեր ներկայացնել. «Համերգի ընթացքում կհնչեն զգացմունքային, հզորություն հաղորդող գործեր: Մենք ցույց կտանք հպարտություն, սեր եւ հարգանք մեր զինվորների նկատմամբ: Իսկ ինչ վերաբերում է օգնությանը, ապա այն միայն մեր կողմից լինել չի կարող, պետք է ժողովուրդն էլ ակտիվ կերպով մասնակցի այս եւ այլ նախաձեռնությունների` թեկուզ փոքր ներդում ունենալով զինվորին օգնելու հարցում: Խաղաղություն մեր երկրին եւ առողջություն մեր զինվորներին»,-ասաց նա:
Երգչուհի Նարինե Դովլաթյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ համերգի մտահղացումը պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանինն ու Հայկ Պետրոսյանինն է: «Ինձ առաջարկեցին մասնակցել, սիրով համաձայնեցի: Մենք այս պարագայում կարծես միջնորդ լինենք ժողովրդի եւ այն մարդկանց միջեւ, որոնք ունեն օգնության կարիք»,-նկատեց նա:
Նարինեն խոստովանեց, որ անչափ հպարտ է մեր զինվորներով. «Ես, ինչպես բոլորը, հետեւում էի վերջին իրադարձություններին, ինձ առանձնապես հուզել է նռնականետով ուղղաթիռ պայթեցրած զինվորի արարքը: Նրա մասին հաղորդում էի դիտում, ասվում էր, որ այդ տղայի համար փոքր ժամանակ հեքիաթների փոխարեն Վազգեն Սարգսյանի մասին պատմություններ են ընթերցել… Սրանով ամեն բան ասված է»,-ընդգծեց նա` հավելելով, որ եթե հարկ լինի, ինքը պատրաստ է մեկնել սահման, օգնել տղաներին, անհրաժեշտության դեպքում անգամ զենք վերցնել եւ կռվել:

 

 

 
DJ ՍԵՐԺՈՆ ՓՆՏՐՈՒՄ Է ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ

Այս տարի լրանում է երաժիշտ, դիջեյ Սերժոյի (Սերժ Սիմոնյան) պրոֆեսիոնալ գործունեության 10-ամյակը, եւ վերջինս մտադիր է նշանավորել այդ առիթը` մեկ հարկի տակ հավաքելով բոլոր այն արտիստներին, ընկեր-կոլեգաներին, որոնց հետ ինքն աշխատել է: Թե կոնկրետ ինչ ձեւաչափում կլինի միջոցառումը, դեռ չի որոշել:

Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով առաջիկայի պլաններին` տեղեկացրեց նաեւ, որ «Մի քանի հոգի» նախագծի շրջանակում (Ֆելիքս Խաչատրյան, A. Chilla, DJ Սերժո, Ռոլանդ Գասպարյան, Միշո) պատրաստվում է խմբի երկրորդ ալբոմի թողարկմանը. «Շնորհանդեսը, թերեւս, կլինի երկու ամսից: Մենք ստեղծագործում ենք այնպիսի արդիական թեմաների շուրջ, որոնք արտացոլում են այսօրվա մարդու մտքերը եւ հույզերը, ինչպես դա փորձել էինք անել մեր առաջին` խմբի անունը կրող ալբոմի պարագայում»,-մեկնաբանեց դիջեյը:
Նա նաեւ նշեց, որ համագործակցում է ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի կատարողների հետ. «Աշխատում եմ Աստղիկ Սաֆարյանի, Արթուր Ալեքի հետ, զբաղվում եմ նրանց երգերի պրոդյուսինգով: Զուգահեռ զբաղված եմ մի լեհ արտիստի համար իմ գրած երգի գործիքավորմամբ: Նրա անունը դեռեւս չեմ տա, միայն կասեմ, որ համագործակցության առաջարկը եղել է իր կողմից: Նա լսել էր իմ գործիքավորմամբ մի քանի կատարումներ` Արամ MP3-ի, Իվետա Մուկուչյանի կողմից եւ հավանել: Դրանից հետո արդեն դիմել էր ինձ»,-մանրամասնեց Սերժոն:
Ի դեպ, անդրադառնալով աստղերի հետ համագործակցությանը՝ Արտո Թունջբոյաջյանի, Հայկոյի, Էմմիի, Միշոյի, Սիրուշոյի, Արմինկայի հետ համագործակցած դիջեյը խոստովանեց, որ հեղինակել է մի շարք գործեր եւ կցանկանա, որ դրանք կատարեն բոլորովին նոր դեմքեր` թարմ շնչով եւ մատուցմամբ. «Անպայման կփորձեմ գտնել լավ, տաղանդավոր անունների, որոնք հանդես կգան որպես վոկալիստ: Միգուցե ես էլ իմ աշխատանքներով կարողանամ օգնել նրանց առաջխաղացմանը»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ
Երեւանում արվեստանոցներ ունեցող Հայաստանի նկարիչների միության անդամներին կտրամադրվեն գույքահարկի գծով արտոնություններ: Համապատասխան նախագիծն ընդունվել է Երեւանի ավագանու ապրիլի 27¬ի նիստի ընթացքում:
Երեւան քաղաքի վարչական տարածքում գտնվող Հայաստանի նկարիչների միության անդամ նկարիչների գույքահարկի գծով հարկային պարտավորությունները 27.04.2016թ. դրությամբ կազմում են 1.939.500 դրամ, որի համար նրանք դիմել են Երեւանի քաղաքապետին` օրենքով սահմանված կարգով գույքահարկի արտոնություն ստանալու նպատակով: Նրանց խնդրանքը բավարարվել է:

 

 

ՆՈՐ ՌԵԿՈՐԴ
«Գահերի խաղի» վեցերորդ սեզոնի առաջին դրվագը դիտել է ավելի քան 10,7 մլն մարդ, ինչը սերիալի ամենաբարձր ցուցանիշն է: Նախորդ ռեկորդը սահմանել էր հինգերորդ սեզոնի եզրափակիչ դրվագը. այն էկրանների մոտ էր հավաքել 10,3 մլն հանդիսատեսի: Ավելի ստույգ թվերը HBO ալիքը կներկայացնի մի քանի շաբաթ հետո՝ ամփոփելով իր բոլոր ծառայությունների, այդ թվում՝ HBO Go¬ի եւ HBO Now¬ի արդյունքները: Վեցերորդ սեզոնի պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 24¬ին:
Նշենք, որ «Գահերի խաղը» ամերիկյան ֆենթեզի¬սերիալ է, որը հիմնված է ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» գրքերի շարքի վրա: Ֆիլմի ստեղծողները պլանավորում են թողարկել յոթերորդ եւ ութերորդ սեզոնները:

 

 

ՎԵՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ ԵՆ
Չիլիի իշխանությունները վերահուղարկավորել են 20-րդ դարի լավագույն պոետներից մեկի` Պաբլո Ներուդայի մնացորդները, որոնք ավելի վաղ արտաշիրիմվել էին քրեական փորձաքննություն անցկացնելու նպատակով: Ներուդան արտաշիրիմվել էր 2013թ., որպեսզի քննիչները կարողանան պարզել գրողի մահվան պատճառը: Շրջանառվում էր այն վարկածը, որ 1973թ. տեղի ունեցած պետական հեղաշրջումից մի քանի օր անց Ներուդան կարող էր սպանված լինել իշխանության եկած բռնապետ Աուգուստո Պինոչետի հրամանով: Նոբելյան մրցանակակիր Ներուդայի մահվան գործը վերաբացվել էր այն բանից հետո, երբ նրա նախկին վարորդը պատմել էր, որ քաղցկեղով հիվանդ գրողը բուժվում էր հիվանդանոցներից մեկում ու պետական հեղաշրջման պատճառով պատրաստվում էր փախչել Մեքսիկա։ Սակայն բժիշկներից մեկի` կրծքավանդակում արված առեղծվածային ներարկումից հետո գրողը մի քանի ժամ անց մահացել է։ 69-ամյա Ներուդայի մահվան պաշտոնական վարկած հայտարարվել էր քաղցկեղը:
Նշվում է, որ սոցիալիստ նախագահ Սալվադոր Ալյենդեի սպանությունից հետո իշխանության եկած Պինոչետի հաստատած ռեժիմի հետեւանքով զոհվել է 3.200-ից ավել մարդ: Ներուդան եղել է Ալյենդեի` մշակույթի հարցերով խորհրդականը, իսկ 1970թ. իր թեկնածությունն է առաջադրել նախագահի պաշտոնի համար։




Լրահոս