ԿԹՈՒՅԼԱՏՐԻ՞ ԵՎՐՈՊԱՆ` «ԽԱՂԵՐ ՏԱԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին Մոսկվայում Սերժ Սարգսյանի հայտարարության արձագանքներն իրենց շատ երկար սպասցնել չտվեցին. ԵՄ-ն բավական կոշտ է արձագանքել կատարվածին: Եվրոպական հանձնաժողովը ԵՄ կայքում հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ իրենք ակնկալում են ՀՀ-ից առավել մանրամասն բացատրություններ:
Իրենց կտրուկ դիրքորոշումն են հայտնել ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները: Եվրոպական ընտանիքի անդամ յոթ արտգործնախարարներ Հայաստանի այս քայլը որակել են ՌԴ ճնշումների հետեւանք: «Անընդունելի է ցանկացած տնտեսական սպառնալիք կամ քաղաքական ճնշում, որն ուղղվում է Եվրամիության արեւելյան գործընկերների դեմ` նրանց եվրոպական նկրտումների եւ ծրագրերի պատճառով»,-հայտարարել են ԵՄ յոթ երկրների արտգործնախարարները: Թերեւս, այս հայտարարություններն էին պատճառը, որ Ս. Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, որը, ի դեպ, մշտապես համարվել է իշխանության ներսում Արեւմուտքի ներկայացուցիչ ու արեւմտամետ հայացքների տեր անձնավորություն, երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանի օրակարգում մնում է ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը: «Մենք շատ շնորհակալ ենք եվրոպական գործընկերներին այն ճանապարհի համար, որ անցել ենք միասին եւ նպատակ ունենք շարունակելու այդ ճանապարհը։ Հետեւաբար մեր քաղաքական օրակարգում մնում է Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախաստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը»,-ասել է Վ. Սարգսյանը` հավելելով, որ իրենք միշտ համարել են, որ պետք է փորձել համադրել այդ դրույթները։
Հասկանալի է, որ նման հայտարարություններն արվում են պարզապես ԵՄ-ի առաջ արդարանալու եւ զայրույթը զսպելու համար: Իսկ ԵՄ-ի զայրույթը գնալով կարող է վերածվել ցասումի: Ի վերջո, հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ ԵՄ-ն տարիներ շարունակ աչք է փակել ՀՀ իշխանությունների բոլոր հանցագործությունների, մարտի 1-ի, այդ ողբերգական իրադարձությունների ժամանակ 10 հոգու գնդակահարման, Սերժ Սարգսյանի լեգիտիմության բացակայության եւ էլի շատ ու շատ հարցերի վրա (հաճախ իր իսկ հեղինակության հաշվին)` փոխարենն ակնկալելով ՀՀ իշխանություններից կոնկրետ պատասխան եվրաինտեգրացիայի հարցում: Ս. Սարգսյանն էլ, 2008թ. սկսած, հայտարարել է, որ եվրաինտեգրումը ՀՀ քաղաքական գերակայություններից է: Ավելին, հատկապես վերջին չորս տարիների ընթացքում ՀՀ-ն աշխատել է եվրաինտեգրացիայի ուղղությամբ. ինչպես հայտնի է, գրեթե ավարտվել էին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի վերաբերյալ ՀՀ հետ բանակցությունները, գրեթե ամբողջությամբ պատրաստ էին այդ փաստաթղթերի տեքստերը, եւ նոյեմբերին նախատեսված էր դրանց նախաստորագրումը: Բայց Պուտինի հետ հանդիպումից հետո արված հայտարարություններով ամեն ինչ, ըստ էության, փոզմիշ եղավ:
Թեեւ Վ. Սարգսյանը վստահեցնում է, թե ՀՀ օրակարգում շարունակում է մնալ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, սակայն ակնհայտ է, որ հիմա ԵՄ-ն ինքը պետք է որոշի` թույլ տա ՀՀ-ին նախաստորագրել, թե ոչ: Առավել եւս, երբ երեկ արդեն եվրոպացի չինովնիկների կողմից բացահայտ ակնարկներ էին հնչում, որ Հայաստանն այսպես խաչ քաշեց ոչ միայն ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի, այլեւ ասոցացման համաձայնագրի վրա:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, հիմա իշխանություններն անում են հնարավոր ու անհնար ամեն ինչ, որ գոնե թույլ տան նախաստորագրել ասոցացման համաձայնագիրը: Նշենք, որ Սարգսյանի հայտարարություններն անակնկալ էին անգամ ՀՀԿ-ականների համար, որոնք մինչեւ Պուտինի հետ հանդիպումը վստահեցնում էին եվրաինտեգրացիայի իրենց մտադրության մասին: Երեկ շփոթմունքն ակնհայտ էր նաեւ խորհրդարանում, երբ հանրապետականները փորձում էին ամեն գնով խուսափել մոսկովյան հայտարարությունները մեկնաբանելուց: Ս. Սարգսյանի` Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունները ՀՀԿ-ականները սկսեցին մեկնաբանել միայն օրվա երկրորդ կեսին, հավանաբար, երբ իշխանության վերին օղակներից հրահանգ իջավ, թե ինչ ասեն եւ ինչպես:
Այնինչ ցանկացած նորմալ իշխանություն պետք է նման քայլի գնալուց առաջ առնվազն խորհրդակցեր մյուս քաղաքական ուժերի հետ (մանավանդ որ Ս. Սարգսյանն իբր թե ժամանակին հիմնադրել էր կուսակցություններին կլոր սեղանի շուրջ հավաքելու ավանդույթը) կամ էլ այսքանից հետո պետք է անձամբ մեկնաբանություն տար ու հստակ բացատրեր, թե ինչու է գնացել նման քայլի: Բայց Ս. Սարգսյանը նման բան չարեց:
Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնելու է Բրյուսել: Ենթադրվում է, որ նա այցի ժամանակ բացատրություններ է տալու Ս. Սարգսյանի` Մոսկվայում արած հայտարարությունների վերաբերյալ: Բացի այդ, հաջորդ շաբաթ նախատեսված է ԵԺԿ խորհրդաժողով, որին մասնակցելու է ՀՀԿ արտաքին կապերի գծով փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որն էլ իր հերթին ստիպված է բացատրություններ տալ կատարվածի համար: Իսկ հաջորդ շաբաթ Երեւան կժամանի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` մասնակցելու արեւելյան գործընկերության նախարարների ոչ պաշտոնական հավաքին: Այստեղ եւս նախատեսված է, որ Եվրոպան ՀՀ իշխանություններից հաշիվ կպահանջի կատարվածի համար:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս