Այդ ֆեդերացիան անօրինական է գործել. սպորտի նախարարը՝ հայ և ադրբեջանցի մարզիկների միջև տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, վերջերս Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացված Եվրոպայի քունկ ֆուի առաջնությունում, որտեղ երկու հակառակորդ երկրների ներկայացուցիչների միջև մրցումները ստիպված էին դադարեցնել, քանի որ այն անվերահսկելի էր դարձել:

Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այդ միջադեպին, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նշեց, որ այդ ֆեդերացիայի հետ կապված ճանաչման խնդիր կա:

«Պետք է հստակեցվի ամեն ինչ. մենք շուտով կպատրաստենք մի նախագիծ, որ բոլոր ֆեդերացիաները ՀՀ-ում գործեն լիցենզավորմամբ, որ նման դեպքերից մենք խուսափենք: Բնականաբար, մենք մեր լծակներն ունենք, բայց պատկերացրեք, որ մենք էլ չգիտեինք այդ ֆեդերացիայի գոյության մասին: Այդ հարցը մենք շուտով կիրականացնենք: Յուրաքանչյուր թիմ, որ գնում է արտերկիր, ներկայացնում է ՀՀ-ն, մենք թույլ չենք տա, որ ով ուզի գնա, մեր երկրի անունից հանդես գա»,- նշեց նա:

Նախարարն անդրադարձավ նաև Կառավարության որոշմանը, ըստ որի` խնայողություններ պետք է կատարվեն, և նշեց, որ բոլոր պետական հիմնարկները պետք է գնան օպտիմալացման, դա ճիշտ ուղղություն է: «Կառավարության կողմից այդ առաջարկի մասին մենք բոլորս էլ պետք է մտածենք: 14 մեքենա կրճատվել է 30-ից: Հաստիքների կրճատումը երկրորդ փուլն է, հնարավոր է: Եթե մենք գնում ենք օպտիմալացման, նաև մեզ մոտ պետք է կրճատվի», – նշեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս