18-ամյա Ռուդիկ Սարգսյանը, որպես զորակոչիկ էջմիածնի զինկոմիսարիատից տրված ուղեգրի համաձայն, հետազոտման նպատակով 2015թ. հունիսի 16–ից գտնվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում: 2015 թվականի հունիսի 18–ին ժամը 01.30–ի սահմաններում «վատ» կատակի հետևանքով Ռուդիկ Սարգսյանը դանակի ծանր մարմնական վնասվածք է պատճառել նույն նպատակով դարձյալ հետազոտման մեջ գտնվող Հարություն Առաքելյանի: Կատարած արարքի համար Ռուդիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1–ին մասով:
Ռ. Սարգսյանը դատարանում ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:
Նա ասել է, թե «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում է ծանոթացել Հարությունի հետ:
Նշված օրը՝ ժամը 01.30–ի սահմաններում, երբ պառկել են քնելու, Հարությունը սկսել է իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել և հողաթափերը նետել իր վրա։ Ռուդիկը նրանից պահանջել է, որ այլևս չշարունակի և նման կատակներ չանի: Հարությունը, չլսելով ընկերոջը, մոտեցել է նրա մահճակալին և, գետնից վերցնելով հողաթափը, հարվածել է իր գլխին, ինչի պատճառով էլ նա շատ վրդհովվել է: Ապա անկողնու տակից հանելով իր մոտ եղած ծալովի դանակը՝ մեկ անգամ հարվածել է Հարությունի որովայնի ձախ հատվածին։
Հետո մնացել է հոգեբուժարանում մինչև ոստիկանության աշխատակիցների գալը։ Դանակը պահել է զուգարանում, որպեսզի ոստիկանության աշխատակիցները չգտնեն, սակայն այն ներկայացրել է։
Ռուդիկը դատարանին վստահեցրել է, թե անկեղծորեն զղջում է կատարածի համար՝ ասելով, որ դեպքը Հարությունի ոչ պատշաճ վարքագծի հետևանքով է եղել: Նա նաև խնդրել է իրեն հնարավորություն տալ մեկնելու ծառայության:
Այդուհանդերձ, առաջին ատյանի դատարանը վճռել է Ռուդիկ Սարգսյանին դատապարտել ազատազրկման երեք տարի ժամկետով։
ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի համաձայն՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան երկու տարի վեց ամիս ժամկետով՝ նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնելով ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների իրականացման համապատասխան ծառայության վրա, իսկ զորակոչվելու դեպքում՝ ՀՀ Պաշտպանության նախարարության համապատասխան զորամասի հրամանատարության վրա։
Ռուդիկ Սարգսյանը բողոքարկել է վճիքռը Վերաքննիչ քրեական դատարան: Այն ընդունվելէ վարույթ: Առաջին դատական նիստն այսօր կայացել է: