1991թ. սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում ՀՀ քաղաքացիների 94,99%-ը կողմ քվեարկեց Հայաստանի անկախությանը, եւ այսօր մենք ապրում ենք Հայաստանի 3-րդ հանրապետությունում: Թե ինչպես են վերաբերում անկախության տոնին հայ արվեստագետները, պարզեցինք ՀՀ ժողովրդական արտիստ ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՑ ու ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՑ:
ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ նկատեց, որ անկախությունը բոլորիս երջանկություն է բերել, քանի որ ազատ, անկախ ապրում ենք մեզ համար: Նա նաեւ հավելեց, որ խորհրդային տարիներին էլ վատ չեն ապրել, սակայն հիմա լավ է այնքանով, որ ազատ շրջագայելու հնարավորություն ունի. “Իմ տերը ես եմ, իսկ այն տարիներին պետք է Ռուսաստանից թույլտվություն վերցնեի` գնամ-չգնամ, հիմա նման բան չկա, տոմսն առնում գնում եմ”:
Ժողովրդական արտիստն ուրախ է նաեւ այն փաստի համար, որ Հայաստանը Ռուսաստանի հետ բարեկամություն է անում. “Ես կողմ եմ Մաքսային միությանը: Մենք փոքր ժողովուրդ ենք, մեզ մեծ եղբայր է պետք, միայնակ ապրել այս աշխարհում մենք չենք կարող: Այս միությունից հետո շատ բան կփոխվի”:
ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ սրտանց շնորհավորեց բոլորիս տոնի առթիվ ու հավելեց, որ անկախությունը շատ կարեւոր ձեռքբերում է մեր ժողովրդի համար. “Պետք է բարձր գնահատել ազատ, անկախ հայրենիք ունենալու փաստը: Ցանկանում եմ, որ խաղաղությունը հարատեւի մեր երկրում, ժողովուրդն ապրի ժպիտով ու ջերմ միմյանց նկատմամբե: Երաժիշտը կոչ է անում միասնական լինել, չպառակտվել, քանի որ հենց դա են ցանկանում մեր հարեւան երկրները. “Պետք է սիրենք մեր երկիրը հարազատ ծնողի պես”:
Երգահանն ապրել է նաեւ խորհրդային տարիներին եւ համեմատելով մերօրյա իրականության հետ՝ դիտարկեց, որ այն ժամանակ ավելի շատ էին սերմանում եղբայրություն, հարգանք մեծի ու փոքրի նկատմամբ: Նախկինում Երեւանում էլ այսքան մեքենա չկար, մարդիկ ավելի հանդարտ էին. “Մի շատ լավ բան կար, բոլոր երեխաները դպրոցում համազգեստ էին հագնում, հարուստի ու աղքատի երեխաները չէին երեւում: Նման բաները պետք է վերականգնվեն”: Ինչ վերաբերում է մշակութային ոլորտին, ըստ երգահանի՝ մեր երկրում մշակութային կյանքը բոլորովին այլ հարթության վրա էր: Ամեն երաժշտական ժանր իր տեղում էր հնչում` Օպերայում` դասական, ակումբում` ակումբային. “Հիմա շատ բան խառնվել է, բայց ես հույս ունեմ, որ այդ ամենը կշտկվի: Ուրախ կլինեմ նաեւ, եթե վերականգնվի գեղարվեստական խորհուրդ հասկացությունը, որ ամեն ինչ չթույլատրվի տպագրել ու ցուցադրել: Այն, ինչ այսօր տպագրվում է, մեր հրաշալի լրագրողները չեն էլ պատկերացնում, որ շատ հաճախ իրենք հրապարակում են պետական կամ զինվորական գաղտնիք: Թե ով ինչքան զենք առավ ու վաճառեց, պետք չէ, որ սովորական գյուղացին իմանա դրա մասին: Այդ գյուղացուն վախ եք ներշնչում”:
Նրա դիտարկմամբ՝ ազատությունը մենք լավ չենք պատկերացնում, մի քիչ շահագործում ու չարաշահում ենք:
Ինչ վերաբերում է մերօրյա անկախ Հայաստանին, կան մի շարք եվրոպական արժեքներ, որոնք պարտադրվում կամ ստորագրվում են ու դրական ազդեցություն ունեն մեր երկրի զարգացման համար, բայց. “Կան նաեւ այնպիսի պարտադրանքներ, որ մեր երկիրը չպետք է ընդունի, օրինակ` համասեռամոլները մեր երկրում` մեր կենտրոնում: Այս առումով մենք ունենք ե՛ւ ձեռքբերումներ, ե՛ւ բացթողումներ”:
Անկախ Հայաստանի առավելություններից մեկը բաց սահմաններն են. “Շատերը տեսան օտար երկրներում ապրող իրենց բարեկամներին, իսկ արվեստագետների առջեւ բացվեցին աշխարհի դռները, որ գնան, իրենց արվեստը ներկայացնեն դրսում: Չգիտեմ՝ խորհրդային տարիներին ինչ կանեի, ուր կհասնեի, այն տարիներին որոշում էր Մոսկվան, իսկ հիմա՝ անհատը”:
Արա Գեւորգյանը կարեւորեց նաեւ, որ այսօր մենք ունենք մեր զինանշանը, դրոշը, իսկ նախկինում, երբ մեր մարզիկներն օլիմպիական չեմպիոն էին դառնում, ասում էին ԽՍՀՄ չեմպիոն. “Մեր երկրի անունը հատուկ չէր հնչում, մեր մարզիկների դոշին էլ այդ չորս տառն էր` հհհՀ, իսկ հիմա ե՛ւ հիմնն է հնչում, ե՛ւ դրոշն են բարձրացնում”:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 622 համար