Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Թուրքիայի ներկայիս տարածքում մի քանի հազար հայկական եկեղեցիների գերակշիռ մասը ոչնչացվել է
Այսօր ԵԽԽՎ-ում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը
Ստրասբուրգում շարունակվում են ԵԽԽՎ աշխատանքներն ու այսօր Վեհաժողովը քննարկել է մշակույթի եւ ժողովրդավարության խնդիրներին առնչվող զեկույց։ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է Թուրքիայի ներկայիս տարածքում հայկական մշակութային հետքի հետեւողական ոչնչացման մասին, նշելով, որ 1915 թվականի Ցեղասպանությունից հետո Թուրքիան սկսեց հետեւողականորեն իրականացնել մշակութային Եղեռն, որի նպատակը հայերի՝ նաեւ մշակութային ժառանգության վերացումն է։ ԲՀԿ ղեկավարը ներկաներին ցուցադրել է Թուրքիայի տարածքում գտնվող հայկական ավիրված ու անասնագոմի վերածված եկեղեցիների նկարներ։
Իր ելույթում Ն. Զոհրաբյանն ասել է՝
Հարգելի գործընկերներ,
Ես կդժվարանամ մտաբերել, թե այս ամբիոնից մենք քանի անգամ ենք խոսել մշակույթի եւ ժողովրդավարության, ԵԽ անդամ երկրներում ազգային փոքրամասնությունների կրոնական եւ մշակութային ժառանգությունը պահպանելու եւ հարգելու կարեւորության մասին, նաեւ այն մասին, որ մշակութային վանդալիզմը տեղ չպիտի ունենա մեր կառույցի անդամ որեւէ երկրում։
Մեր գործընկեր Վեսնա Մարժանովիչը կարեւորագույն խնդրի է անդրադարձել եւ ես համաձայն եմ զեկուցողի այն մեջբերման հետ, որ այսօր, մեր վտանգավոր աշխարհում, մշակույթը դարձել է անվտանգության հարց։ Այո, տիկին Մարժանովիչ, դուք իրավացի եք, երբ ասում եք, որ մշակույթը հզոր միջոց է ազգային փոքրամասնությունների համար՝ պահպանելու իրենց ինքնությունը, եւ որ մշակույթը հզոր գործիք է՝ կանխելու ծայրահեղականությունն ու անհանդուրժողականությունը, ինչը ներկայիս աշխարհի մարտահրավերներից է։ Բայց ես չեմ կարող համաձայնել ձեզ հետ, որ Թուրքիան, ինչպես դուք եք նշում, դրա լավագույն օրինակներից է։ Միգուցե սեփական մշակույթը պահպանելու գործում Թուրքիան ձեզ համար կարող է օրինակ լինել, բայց ձեր փոխարեն ես կհետաքրքրվեի, թե նույն այդ Թուրքիան ինչպե՞ս է վերաբերում ազգային փոքրամասնությունների մշակույթին եւ կրոնին։ Ձեր փոխարեն ես կհետաքրքվեի, թե ինչպե՞ս են Թուրքիայի ներկայիս տարածքում ավիրվել հայկական եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողները։
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների, Թուրքիայի ներկայիս տարածքում մի քանի հազար հայկական եկեղեցական կոթողների գերակշիռ մասը ոչնչացվել է։
1915 թվականի Ցեղասպանությունից անմիջապես հետո Թուրքիան սկսեց հետեւողականորեն իրականացնել մշակութային Եղեռն, որը մինչ օրս շարունակվում է։ Թուրքիայում հայ մշակույթի հանդեպ իրագործվող Եղեռնը մեկ նպատակ էր հետապնդում՝ վերացնել հայերի նաեւ մշակութային ժառանգությունը։ Ընդամենը շաբաթներ առաջ հենց թուրքական մամուլը ահազանգեց, որ Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող պատմական Խարբերդ քաղաքի հայկական բողոքական կիսավեր եկեղեցին, որը թուրքերը օգտագործում են որպես անասնագոմ եւ ավտոկայանատեղի, վերականգնելու փոխարեն պատրաստվում են քանդել, իսկ բացառիկ եկեղեցու տեղում մտադիր են հյուրանոց կառուցել: Թուրքիայում եւ նրա եղբայր Ադրբեջանում, որտեղ հողին հավասարեցվեց Ջուղայի պատմական խաչքարերի գերեզմանոցը, պետականորեն ծրագրավորված՝ փորձում են վերացնել ցանկացած հայկական հետք:
Ուզում եմ հուսալ, որ ձեր հաջորդ զեկույցում դուք ահա այս կարեւոր խնդիրներին եւս կանդրադառնաք։
Եւ քանի որ խոսեցինք Թուրքիայից, հարգելի գործընկերներ, Գերմանիայի Բունդեսթագի ազգությամբ թուրք 11 պատգամավոր, ովքեր հունիսի 2-ին կողմ քվեարկեցին Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, Էրդողանի եւ թուրք ծայրահեղականների կողմից ենթարկվում են լրջագույն սպառնալիքների։ Անհրաժեշտ է կանխել թուրքական այս ֆաշիզմը, որովհետեւ մենք գիտենք, թե ի՞նչ է նշանակում լինել երիտթուրքերի ժառանգորդը։