Հատուկ քննչական ծառայությունում վերսկսվել է ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասով նախկինում անհիմն կարճված քրեական գործի նախաքննությունը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ “Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա” ՍՊԸ մատակարար Արամ Պետրոսյանի կողմից նախկինում ընկերությունից հափշտակված գումարները դատական կարգով վերականգնելու պատրվակով ընկերության բաժնետեր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանի ցուցումով` տնօրեն Արթուր Եփրեմյանը հաշվապահ Աշոտ Շահինյանի միջոցով 2009 թ. սեպտեմբերին կազմել է ձևաթուղթ հանդիսացող դրամարկղային ելքի օրդեր` կեղծել է կազմելու ամսաթիվը, ձևաթղթում մտցրել ակնհայտ կեղծ տվյալներ, թե իբր մատակարար Արամ Պետրոսյանը 2009 թ. օգոստոսին ընկերության դրամարկղից կանխիկ ստացել է 193 մլն. ՀՀ դրամ գումար, որի հիման վրա վերջինիս հետ կազմել է դրամական փոխառության պայմանագիր: Նախաքննությունը շարունակվում է: