ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` իրավաբանական անձանց փոփոխությունների պետական գրանցումը որ մարմինն է իրականացնում: Եվ ուզում եմ իմանալ, թե ով կարող է դիմել փոփոխությունները գրանցելու համար:
Օնիկ Հայրապետյան (53 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ իրավաբանական անձի փոփոխությունների պետական գրանցումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ` Գործակալություն) կողմից, բացառությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցված իրավաբանական անձանց մոտ կատարվող փոփոխությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, պայմանագրային ներդրումային ֆոնդեր եւ այլն):
Իրավաբանական անձի փոփոխությունների գրանցման համար դիմելու իրավունք ունի իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ վերջինիս կողմից լիազորված ցանկացած գործունակ անձ կամ օրենսդրությամբ նախատեսված ցանկացած այլ անձ:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ առեւտրային կազմակերպությունների փոփոխությունների պետական գրանցման տուրքը կազմում է 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ, իսկ ոչ առեւտրային կազմակերպությունների փոփոխությունների պետական գրանցման տուրքը կազմում է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ: