Արագածոտնի մարզի Օթևան և Թթուջուր համայնքներում հուլիսի 3-ին կայանալու են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Գյուղապետի պաշտոնը ստանձնել ցանկացողներն արդեն ներկայացրել են իրենց թեկնածությունը:
Օթևան համայնքում առաջադրվել է երկու թեկնածու ՝ անկուսակցական Գոհար Սայադյանը և Ջամալ Սալմոյանը: Վերջինիս Հանրապետական կուսակցությունն է առաջադրել:
Իսկ Թթուջուր համայնքում առաջադրվել է չորս թեկնածու: Թթուջուրի գյուղապետ ընտրվելու հավակնություններ ունեն անկուսակացականներ Զոհրակ Ասլանյանը, Վիգեն Գրիգորյանը, անհատ ձեռներեց Գագիկ Ոսկանյանը և Հանրապետական կուսակցության անդամ, Թթուջուրի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Արսեն Սահակյանը:
Իսկ թե ինչպես են տրամադրված ընտրություններին և ինչ ակնկալիքներ ունեն թեկնածուները, ArmLur.am-ը փորձեց պարզել հենց իրենցից: Մասնավորապես կապ հաստատեցինք Թթուջուրի թեկնածու Զոհրակ Ասլանյանի և Օթևանի թեկնածու Ջամալ Սալմոյանի հետ: Օթևանի թեկնածու Ջամալ Սալմոյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ընտրության պահով ամեն ինչ նորմալ ա: Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ես ոչ մի «ոսկե սարեր» խոսք չեմ տվել, բայց ես գիտեմ, որ ժողովուրդն իմ օգտին է քվեարկելու»:
Նշենք, որ Ջամալ Սալմոյանի մրցակիցներից է նրա եղբոր կինը՝ Գոհար Սայադյանը:
«Ես Գոհարին ինձ մրցակից չեմ հաշվում: Մարդ ա հիմա դրել ա, ինչ անենք, ես ինչ կարամ ասեմ».- հավելեց Ջամալ Սալմոյանը:
Իսկ Թթուջուրի թեկանծու Զոհրակ Ասլանյանը մեզ հետ զրույցում ասաց.«Այդ օրը Վարդավառի տոնն ա, շատ հավեսին, հանգիստ ընտրություններ են լիմելու: Ամեն մեկն իր ա ապրածն ու արժանիքներն ունի: Չեմ կարա ասեմ իմ օգտին կքվեարկեն, թե չէ: Չեմ ուզում «բախտագուշակությունով» զբաղեմ»:
Հավելենք, որ 105 ընտրող ունեցող Օթևան և 285 ընտրող ունեցող Թթուջուր գյուղերի նախկին ղեկավարներ Բրո Ֆատոյանի և Գրիգոր Ասլանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են նրանց հրաժարականի հիման վրա՝ առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ:
Լիդա Եղիազարյան